Քաղաքական

15.06.2020 11:42


Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին. «Իրավական ուղի»

Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին. «Իրավական ուղի»

Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:

Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը, հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքնել թույլ տրված խախտումներին:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը