Քաղաքական

15.06.2020 17:10


Մեզ հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեզ հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը և պետք է անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի Սահմանադրությունը պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվի: Բայց պետք է նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, սովորաբար Սահմանադրության մեջ փոփոխություններն արվում են քաղաքական նպատակահարմարություններով. «Մենք այդպիսի փորձ ունենք և նման քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր է կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը, կոնկրետ անձանց, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով ես կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների: Բայց հիմա ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե անհրաժեշտություն կա Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սահմանադրություն ընդունելու:

Երբ նաև վարչապետի կարգավիճակով շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև: Կարծում եմ՝ կարևոր պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխություն, որը քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի ու պետական կարգի ձևավորմանը»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ ժամանակ կար ստալինյան Սահմանադրություն, բրեժնևյան Սահմանադրություն, և հիմա այդ իներցիայով Հայաստանում ամեն անգամ ահմանադրությունների տեքստերը կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի հետ կապված իրենց խմբային պատկերացումների հետ. «Այսօր ունենք հնարավորություն այս շղթան կտրել»:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը