Քաղաքական

16.06.2020 09:30


«Հակաճգնաժամային կառավարության ձևավորումն օրվա հրամայականն է». «Վերնատուն»

«Հակաճգնաժամային կառավարության ձևավորումն օրվա հրամայականն է». «Վերնատուն»

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված առկա է հումանիտար և սոցիալ-տնտեսական աղետի սպառնալիք։

Մեր երկիրն իր բնակչության քանակով աշխարհում զբաղեցնում է 135-րդ տեղը, մինչդեռ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների ընդհանուր թվի, օրական վարակվածների և մահացածների թվաքանակի ցուցանիշներով այն առաջատարների մեջ է:

Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվարկով միջինը մահանում է 56,1 մարդ։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 96 է։

Մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանի համեմատ մեզանում պարզապես խայտառակ պատկեր է։ Վրաստանում վարակվածների թիվը Հայաստանում արձանագրվածից քիչ է մոտ 20 անգամ։ Կորոնավիրուսային մահացության ցուցանիշով մենք Վրաստանին զիջում ենք ավելի քան 20 անգամ։

Համաճարակը, առողջապահական աղետալի վիճակից զատ, իր կործանարար ազդեցությունն է թողնում երկրի տնտեսության և քաղաքացիների` առանց այդ էլ անմխիթար սոցիալական վիճակի վրա: Պաշտոնական տվյալներով` անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները։

Այս աղետալի իրավիճակի ուղղակի պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Թեպետ նա հետևողականորեն փորձում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա, այդուհանդերձ գնալով ավելի ու ավելի է ընդլայնվում մեր այն քաղաքացիների շրջանակը, ովքեր հասկանում են, որ խնդիրն ապաշնորհ կառավարման մեջ է։

Իշխանությունը սեփական սխալներից հետևություններ անելու, միջազգային դրական փորձը կիրառելու և հանրային համերաշխություն, մոբիլիզացիա ապահովելու փոխարեն խորացնում է պառակտումը հանրության շրջանում, անտեսում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչող ռացիոնալ առաջարկները։

Արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգումը դարձել է ոչ թե համաճարակի դեմ պայքարի, այլ մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու և ցանկացած գնով իշխանությունը պահելու գործիք։

Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու փաստը, ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։

ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։

Բացի քաղաքականից, խորհրդարանական ընդդիմության դեմ արշավն ունի նաև սեփականության վերաբաշխման նպատակ։ Այդ նպատակին են ծառայում նաև արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ տնտեսական օրենքների ընդունումը և նախագծերի շրջանառումը (գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիքի վերացում, առանց մեղադրական դատավճռի մասնավոր գույքի բռնագրավում և այլն)։

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք արձանագրում ենք, որ իշխանության գործելաոճն անընդունելի է և նպաստում է ներքին ապակայունացմանը, հանրային բաժանումներին, թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը։

Մենք դատապարտում ենք համավարակի պատրվակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը սեփական նեղ խմբակային նպատակներին ծառայեցնելու, քաղաքացիների և կուսակցությունների քաղաքական ազատությունները սահմանափակելու վարչապետի գործելաոճը։

Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը, այլ նաև իրենց անվերապահ ազդեցությունից դուրս ցանկացած կառույցի գործունեությունը։

«Վերնատունը» գտնում է, որ համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, համերաշխության մթնոլորտ ապահովելու, երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է:

Սա օրվա քաղաքական հրամայականն է։

16.06.2020թ.

Երևան

Այս խորագրի վերջին նյութերը