Քաղաքական

17.06.2020 18:27


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունները։

Նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր՝ նախկինում երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և իր կենսագրությունը լրացուցիչ պարտավորություն են դնում որևէ բան չանել, որով հնարավոր է սեփական անունը վարկաբեկել։ Նախկին նախագահը նշեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից, քանի որ բնույթով այդպիսին է։ Բացի այդ, նա շատ լավ հասկանում է, որ գտնվում է հասարակության խոշորացույցի տակ։

«Սա բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է, և որևէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է»,-ասաց Ռ․ Քոչարյանը։

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել անձնական երաշխավորություն ներկայացրած վարչապետերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում նրանց չթույլատրվեց ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Սակայն դատախազների և տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի առարկություններից հետո դատարանը որոշեց չհրավիրել երաշխավորներին, նշելով, որ պաշտպան Վարդևանյանն արդեն ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքը։

Նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան և պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում գրավադնել դրանք։

Մեղադրող կոմը ներկայացրեց իր առարկությունները, կրկին պնդելով, որ Ռ․ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի վերացել։ Միևնույն ժամանակ դատախազ Բաղդասարյանը փաստեց, որ ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել նախաքննությանը։ Ըստ նրա՝ խոսքը ռիսկերի մասին է, ոչ թե գործողությունների։

Դատարանը լսեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին ու Տիգրան Եգորյանին։ Վերջինիս ելույթը անավարտ մնաց։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը