Քաղաքական

22.06.2020 18:14


ՀՅԴ-ն ակնկալում է, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն կդիմեն ՍԴ

ՀՅԴ-ն ակնկալում է, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն կդիմեն ՍԴ

Մենք մեկ տարի շարունակ խոսում ենք այս գործընթացներից եւ ամեն ինչ շատ պարզ է` իշխանությունը որեւէ բանի առաջ չի կանգնում, հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար եւ այսօրվա քվերակությունը եւս դրա ապացույցն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը այս նախագծի ընդունումը, ի թիվս այլոց, որակեց սահմանադրական կարգի տապալման հավասար գործողություն:

«Չի կարելի այս ճանապարհով հարցեր լուծես, հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատես: Իրենք սա մեկնաբանում են իբրեւ երկրում օրինականություն եւ արդարադատության համակարգը առողջացնելու ծրագիր»,-ասաց նա:

Նրա խոսքով`ՀՅԴ-ն ակնկալիք ունի, որ խորհրդանական ընդդիմությունը` ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կօգտվի իր իրավունքից եւ Սահմանադրական դատարան կդիմի.

«Դա ամբողջապես բխում է իրենց էս ժամանակահատվածի գործողություններից, հայտարարություններից, որովհետեւ իրենք էլ են կիսում այն կարծիքը, որ սա կահաօրինական պրոցես է: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է օգտվի բոլոր հնարավոր միջոցներից երկրում տեղի ունեցող պրոցեսների դեմն առնելու եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հիշեցնենք, որ ՍԴ 9 անդամներից միայն 3-ն ենպաշտոնավարել 12 տարուց ավելի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել է ընդամենը 2 տարի, հետեւաբար, ըստ այս նախագծի նա կմնա ՍԴ դատավոր:

Սահմանադրության այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ ձայնով:

Այս խորագրի վերջին նյութերը