Տնտեսական

23.06.2020 09:48


Քանի՞ բիզնես է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ժամանակ. մտահոգիչ թվեր՝ երեք ամսում

Քանի՞ բիզնես է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ժամանակ. մտահոգիչ թվեր՝ երեք ամսում

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին երեք ամիսներին (մարտի 1–ից մայիսի 31–ը) իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 5873 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 41 տոկոսով (2019թ. նույն եռամսյակում 4164 էր)։

Նշենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունների մեջ չեն դիտարկվել պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական կառավարչական հիմնարկները։

Այն, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամային իրավիճակում աշխարհի շատ երկրներ բախվել են նման խնդրի, գաղտնիք չէ, սակայն շատ պետությունները հարկային արտոնություններ են սահմանել առավել խոցելի ոլորտների համար։

Մասնավորապես, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Պորտուգալիան, Ղազախստանը, Վրաստանը հարկային արձակուրդ տրամադրեցին համավարակից ամենից շատ տուժած ոլորտներին։

Հայաստանում դեռևս մարտին, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, տարբեր վերլուծաբաններ ու ընդդիմության ներկայացուցիչներ առաջարկում էին հարկային արձակուրդ տրամադրել ամենից շատ տուժած ոլորտներին, մինչդեռ կառավարությունում մեծ վերապահումով էին վերաբերվում այդ առաջարկներին։ Իսկ կորոնավիրուսի հետևանքների վերացման կառավարության տնտեսական ծրագրերը ոչ միայն ցածր արդյունավետություն ունեին, այլև անտրաբանական էին, քանի որ կարանտինի ժամանակավոր հնարավոր չէ խրախուսել տնտեսական ակտիվությունը։

Ճիշտ է, այս ընթացքում որոշակի արտոնություններ տրամադրվեցին այն գործարարներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չէին կատարել՝ նրանց նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի նվազեցնելով՝ 0.075%-ից իջեցնելով 0.04%-ի, ինչպես նաև նախատեսվեց տնտեսվարողի գույքի վրա արգելանք կիրառել ոչ թե 500 000, այլ 1 500 000 դրամի չկատարված հարկային պարտավորության դեպքում, սակայն այս քայլերը նվազ նշանակություն ունեցան բիզնես ոլորտի համար։

Իսկ հունիսի 15–ին, երբ Հայաստանում արդեն հազարավոր բիզնեսներ փակվել էին, ԱԺ–ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից, որի վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

Սակայն փաստ է, որ այս կարճաժամկետ արտոնություններն ի զորու չեն մեղմելու օրըստօրե խորացող տնտեսական ճգնաժամը և փրկելու ամեն օր փակվող բիզնեսները։ Այդ բիզնեսների գործունեության դադարը ոչ միայն աշխատատեղերի կորուստ է, այլև մեծ խնդիր վարկային և այլ տեսակի պարտավորությունների կատարման համար։ Ներկա պահին ոչ իշխանությունները և ոչ էլ տնտեսվարողները հստակ պատկերացում չունեն, թե արտակարգ դրության ավարտից և կորոնավիրուսը հաղթահարելուց հետո ինչպես են կազմակերպություններն ու ձեռնարկատերերը վերաբացելու իրենց բիզնեսը:

Այս խորագրի վերջին նյութերը