Քաղաքական

26.06.2020 09:22


Վարչապետի կեսգիշերնանց գրառումը ՍԴ-ի մասին վկայում է, որ նա վստահում է միայն իրեն շրջապատող միջակություններին․ Արփինե Հովհաննիսյան

Վարչապետի կեսգիշերնանց գրառումը ՍԴ-ի մասին վկայում է, որ նա վստահում է միայն իրեն շրջապատող միջակություններին․ Արփինե Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեսգիշերանց գրառումը և ևս մեկ անգամ ծանուցումը առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարում են, փաստում է այն մասին, որ ինքը վստահում է միայն իր շուրջբոլորը հավաքված միջակություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ րոպեներ առաջ արած գրառմանը, թե Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորություններն էլ, պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, դադարեցված են։

«Իրականում, գիտեք, վարչապետը պարտավոր չէ իրավական նրբություններ իմանալ, նա շատ բան չգիտի, և իր դեպքում դա նորմալ է, բայց սա նրա իրավաբանական թիմի ձախողումն է, և նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մինչև վերջ պատրաստ են տրորել երկրում Սահմանադրությունը, օրենքները, տրամաբանական ու անտրամաբանական ամեն բան։ Արդեն նշել եմ, որ այդ փոփոխություններն ուժի մեջ չեն մտնում այսօրվանից, այսօրվանից ՍԴ դատավորներին չեն կարող փոխել, քանի որ 2015թ․ Սահմանադրության դրույթները, ի տարբերություն 1995 և 2005 թվականների Սահմանադրությունների, անմիջական ուժ չունեն, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ շտապելն իրեն զարմացնում է, քանզի իշխանությունը մեծամասնություն է, ունի «ընդդիմություն», ունի գրպանային նախագահ, որոնք ոչ մի գործողություն չեն ձեռնարկում այս պատասխասխանատու ժամանակահատվածում, ապա հարց է առաջանում` ի՞նչն էր իրենց խանգարում անել օրենսդրական բոլոր փոփոխությունները, դրանք հանգիստ կյանքի կոչել. «Բայց այս հնարավորության պայմաններում այսպես վարվելը կամակորություն է։ Ասում են՝ տգիտությունն առավել ինքնավստահ է դարձնում` վտանգները չեն զգում, այդպիսի ինքնավստահություն է, և ամեն ինչ ու բոլորի վրա թքած ունենալու դրսևորում է։ Մենք այս ամենի ձայնը լսելու ենք միջազգային կառույցներից, միջազգային դատարանից, սա հենց այնպես ու պետության համար անհետևանք չի մնալու»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը նաև հավելեց, որ հիմա էլ իշխանության քարոզիչներն իրենց կողմից ոչ լեգիտիմ հորջորջված ՍԴ մի որոշման հատված են մեջբերում, որը բացարձակ ոչ վերաբերելի է իր կողմից նշված խնդրին, իրենց շրջանառածը 2019թ-ի որոշում է, որը բացարձակ չի վերաբերում այս խնդրի կարգավորմանը։

Այս խորագրի վերջին նյութերը