Քաղաքական

27.06.2020 13:01


ԱԺ մամուլի հաղորդագրությունը սահմանադրական կարգի տապալման հանցակազմի իրեղեն ապացույց է. Արծվիկ Մինասյան

ԱԺ մամուլի հաղորդագրությունը սահմանադրական կարգի տապալման հանցակազմի իրեղեն ապացույց է. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև դատարանի նախագահի լիազորությունները դադարել են:

Նախ՝ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ իրավական ուժ ունի այս հաղորդագրությունը։ Մյուս կարևոր հարցը՝ կարո՞ղ են արդյոք Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը հունիսի 27-ից թեկնածուներ առաջադրել, ինչպես նշվում է հաղորդագրությունում։

Ծանոթանալով Ազգային ժողովի կայքէջում հրապարակված մամուլի հաղորդագրությանը՝ հստակ պետք է արձանագրել՝

1. Այս հաղորդագրությունը չունի և չի կարող որևէ իրավական ուժ ունենալ։

2. Ազգային ժողովի լիազորությունների իրականացման շրջանակներում վերջինս չունի նման անվանումով և բովանդակությամբ իրավական ակտ ընդունելու որևէ իրավասություն։

3. Անգամ հակասահմանադրական ճանապարհով ընդունված՝ Սահմանադրության փոփոխության նախագծով՝ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման որևէ ընթացակարգ և պատասխանատու մարմին նշված չէ։

4. Ավելին՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ նրանք բոլորը շարունակում են իրենց պաշտոնավարումը։

5. Սահմանադրական դատարանի դատավորի կամ նախագահի լիազորությունների դադարեցման ընթացակարգերն ու անհրաժեշտ փաստաթղթավորումը նկարագրված է դատարանի գործունեությունը կարգավորող օրենքով և վերապահված է բացառապես Սահմանադրական դատարանին և դատարանի նախագահին։

6. Անբացատրելի է թե ինչպե՞ս կարող է երեք դատավորների փաստաթղթերը հայտնվել Ազգային ժողովում, երբ բոլոր երեք դատավորները, տարբեր տարիներին նշանակվել են Հանրապետության նախագահի կողմից, այլ ոչ թե Ազգային ժողովի։

7. Ազգային ժողովի անունից տարածված մամուլի հաղորդագրությունը իշխանության յուրացման կամ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի իրեղեն ապացույց է։ Այն անօրինական միջամտություն է և դրանով առաջնորդվելը նոր հանցագործությունների առիթ կդառնա։

Օրվա իշխանությունները պետք է վերադառնան օրինականության սահմաններ։

Այս խորագրի վերջին նյութերը