Քաղաքական

30.06.2020 22:02


«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին-առանձին և համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով տարածաշրջանում հանրային առողջապահությանն առնչվող իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը: Հանդիպումներից հետո, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի պահպանման և առաջխաղացման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական ալիքները՝ էսկալացիայից խուսափելու համար: Վերհիշելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նկատել են, որ վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը:

Համանախագահները շեշտել են, որ հակամարտությանը որևէ ռազմական լուծում չկա: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիթորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները դա թույլ տան:

Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը