Քաղաքական

30.06.2020 23:56


Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի

Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատգամավոր Արման Բաբաջանյանին հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ վճարել՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Ամեն ինչ սկսվել էր 2019 թ․ ապրիլի 18-ի լիագումար նիստում Արման Բաբաջանյանի ելույթից, երբ վերջինս, հարց ուղղելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին, ասել էր․

«Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար, և ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու, ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Խոսրով Հարությունյանը մինչ դատական նիստը սկսվելը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայցի հիմքում ընկած փաստն ակնհայտ է, մնում է միայն դատարանով այն վավերացնել։

«Այո, պատգամավորն իմ հասցեին զրպարտություն է տարածել, հերյուրանք, այնպիսի սուտ, որն անդրադառնում է և՛ իմ համբավին, և՛ իմ արժանապատվությանը։ Բնական է, որ ես այս ամենում տեսնում եմ նաև քաղաքաան գործելաոճ, նպատակը քաղաքական է։ Եթե վերլուծեք այն արտահայտությունները, որ նա արել է, ապա ակնհայտ է, որ նա թիրախավորել է նախկին պաշտոնյաներին ու գեներալներին։ Սա պատահական չի։ Առհասարակ գործող իշխանությունների գլխավոր թեզն է վարկաբեկել թե՛ նախկին պաշտոնյանեին և թե՛ գեներալիտետը՝ կամաց-կամաց հանրային գիտակցության մեջ դաջելով, որ այն ամենն, ինչ կապված է նախկին պաշտոնյաների, գեներալիտետի հետ, հանցագործություն է։ Դրա համար սա ինձ համար սկզբունքային հարց է նաև այդ կոնտեքստում»։

Անդրադառնալով պատասխանող կողմի՝ նախկինում արված այն պնդմանը, թե Բաբաջանյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում, և որ նա ուղիղ չի մեղադրել Խոսրով Հարությունյանին, վերջինս ասաց․ «Այդ դեպքում մենք էլ իրենց հարց ենք տալիս՝ ի՞նչ կոնտեքստում է իմ անունը հնչել։ Իրենք ուղղակի մանիպուլյացիա են անում և մասնագիտական առումով՝ շատ ցածր մակարդակի, բայց դա իրենց չի ազատի պատասխանատվությունից։ Ես ակնկալում եմ, որ դատարանը կլինի օբյեկտիվ և արդար որոշում կկայացնի»։

Դատական նիստի ժամանակ Խոսրով Հարությունյանի պաշտպան Կարինե Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց այն հիմքերը, որոնք վկայում են Բաբաջանյանի կողմից բացահայտ զրպարտանք կատարելու փաստը՝ հավելելով, որ պատասխանող կողմը նախ պետք է ապացուցի, որ առհասարակ Հարությունյանն ունի կամ ունեցել է ՀԷԿ և կատարել է թալան կամ օրինախախտում։ Փաստաբանի խոսքով՝ Բաբաջանյանի հրապարակային արտահայտությունները անձի նկատմամբ հանցանքի կատարման մեղադրանք են, մինչդեռ պաշտպանական կողմը բառախաղի է վերածում իրողությունը՝ փորձելով զերծ մնալ չկշռադատված արտահայտությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությունից։

Բանն այն է, որ Բաբաջանյանի ներկայացուցիչը ինչպես այսօրվա նիստին, այնպես էլ դատական մյուս նիստերին, չի ընդունում մեղադրանքը։ Նա պնդում է, թե հայցվոր կողմը չի կարող ապացուցել, որ Բաբաջանյանի հայտարարությունն ուղղված է եղել Խոսրով Հարությունյանին, քանի որ այդ հայտարարության մեջ հնչած՝ թալանին ու իրավախախտումներին վերաբերող հատվածն ընդհանրական բնույթ է ունեցել, և այն պետք է դիտարկել իբրև գնահատողական դատողություններ, իսկ Խոսրով Հարությունյանի անունը հնչել է հետո, հետևաբար առաջին մտքի հետ կապ չունի։

Հարությունյանի պաշտպանը հակադարձեց․ «Դուք պնդում եք, որ Արման Բաբաջանյանը որևէ միտում չի ունեցել զրպարտելու Խոսրով Հարությունյանին, արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը։ Սակայն դեռևս 2019 թ․ ապրիլի 19-ին՝ ԱԺ լիագումար նիստից անմիջապես հետո, իմ վստահորդը դիմել է ինչպես Բաբաջանյանին, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահին ու ԱԺ նախագահին՝ առաջարկելով, որպեսզի Բաբաջանյանը հերքի իր հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Բաբաջանյանի կողմից որևէ գործողություն չի կատարվել»։

Հարությունյանի փաստաբանը նաև նկատեց, որ մի շարք դատական գործերից պարզ է դառնում, որ Արման Բաբաջանյանը միայն սույն գործի շրջանակներում չէ, որ պատասխանող է հանդես գալիս զրպարտության պահանջներով, ինչը թույլ է տալիս կարծիք կազմել, որ Բաբաջանյանի համար զրպարտելը գործելաոճ է։

Երբ Բաբաջանյանի ներկայացուցչը շարունակեց պնդել, թե հայցի հիմքում ընկած փաստերը և իրականում արտահայտած բովանդակությունը որևէ աղերս իրար հետ չունեն, հետևաբար հայցը հիմազուրկ է, Խոսրով Հարությունյանն ասաց․

«Ձեր մարտավարությունը հետևյալն է՝ ամեն կերպ փորձում եք փաստել, որ Ձեր վստահորդը տվել է գնահատողական մեկնաբանություններ, որպեսզի խուսափեք ապացույցի բաշխման Ձեր պատասխանատվությունից։ Դուք դրսևորում եք հայոց լեզվի իմացության «նախանձելի» ունակություններ։ Ստիպված եմ կրկնել Բաբաջանյանի հայտարարությունը»։

Այնուհետև Խոսրով Հարությունյանը Բաբաջանյանի հայտարարությունը ենթարկեց լեզվաշարահյուսական փայլուն վերլուծության և ակնհայտ դարձրեց, որ այն, ինչ ասել է Բաբաջանյանը, զրպարտանք է իր հասցեին։

Ի վերջո, հասկանալով, որ պատասխանող կողմն ամեն կերպ փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել Բաբաջանյանի հայտարարությունը, Խոսրով Հարությունյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի դատական նիստին ներկայացվի Բաբաջանյանի հայտարարության տեսանյութը։

Դատավորը բավարարեց միջնորդությունը, և նիստին ներկայացվեց տեսանյութը, որից հետո Հարությունյանի փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև Բաբաջանյանի հայտարարության տոնայնության վրա, որում առավել քան ակնհայտ է, որ նրա խոսքի թիրախում Հարությունյանն է։

Ավաղ, Բաբաջանյանի փաստաբանն այս դեպքում էլ մնաց իր կարծիքին, թե իր վստահորդը հայտնել է ընդհանրական վերաբերմունք և նրա քննադատութան թիրախն ամենևին էլ Խոսրով Հարությունյանը չի եղել։

Շուրջ 3 ժամ տևած դատական նիստն ընդհատվեց, որոշվեց այն շարունակել հուլիսի 7-ին՝ ապացուցողական բեռով։

Աղբյուրը՝ ankakh.com

Այս խորագրի վերջին նյութերը