Քաղաքական

03.07.2020 13:11


Միջադեպ Սահմանադրական դատարանում․ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել շենք մտնել

Միջադեպ Սահմանադրական դատարանում․ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել շենք մտնել

2020 թվականի հուլիսի 3-ին միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ։ Առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։

Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այդ օրը, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։

Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։

Աղբյուրը՝ news.am

***

168.am-ը տեղեկությունը փորձել է ճշտել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, ով հաստատեց տեղեկությունը, սակայն մանրամասների համար հորդորեց դիմել ոստիկանություն:

Հարցին, թե նա խոսե՞լ է ոստիկանների հետ, ի՞նչ հիմնավորում են նրանք ներկայացրել իրենց գործողությունների, ՍԴ աշխատակզմի ղեկավարը պատասխանեց.

«Իրենցից ճշտեք, լա՞վ, որովհետև իրենց գործողություններն են, շենքի պահպանությունն իրենց պատասխանատվության հարցն է, ճիշտ կլինի, որ իրենք պարզաբանեն»:

Հարցրինք նաև, թե, ի վերջո, Հրանտ Նազարյանը մտե՞լ է ՍԴ շենք:

«Իմ տեղեկություններով, չի մտել, չեն թույլատրել»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Թեպետ վերջինս այլ մանրամասներ չասաց, սակայն, մեր տեղեկություններով՝ ոստիկանները Հրանտ Նազարյանին ասել են, որ թույլ կտան շենք մտնի միայն այն ժամանակ, երբ վերջինս հավաքելու կլինի իր իրերը:

Կապ հաստատեցինք նաև ոստիկանության լրատվական ծառայության հետ: Մեր հարցերին, սակայն, խոստացան պատասխանել ավելի ուշ:

Ստացվում է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոստիկանությունը նախ խոչընդոտում է գործող դատավորի մուտքը ՍԴ, քանի որ այս պահի դրությամբ առնվազն ՀՀ նախագահը չի ստորագրել օրենքները, սակայն այդ գործողության բացատրությունը չունի կամ առայժմ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը