Քաղաքական

09.07.2020 13:20


ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (տեսանյութ)

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Ռուբեն Վարդազարյանի, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարի կողմից՝ ապրիլին:

Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը, անդրադառնալով իր կողմից հնչեցված արտահայտությանը, պարզաբանել է, որ իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի ՀՔԾ-ի նկատմամբ, քանի որ նախկինում կայացրել է այդ ծառայության դիրքորոշմանը հակառակ ութ դատական ակտ։ Ազարյանը նշել էր, որ իր կողմից կայացված ութ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, ինչը վկայում է ոչ թե ՀՔԾ-ի նկատմամբ իր կողմնակալության մասին, այլ՝ կոնկրետ գործերով ՀՔԾ ոչ օբյեկտիվ դիրքորոշումների, քննիչների վատ աշխատանքի մասին։

«Կրկնելով, որ նշված բոլոր դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, ասել եմ, որ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»,-ասել էր Ազարյանը՝ ավելացնելով, որ ինքը ՀՔԾ պետին չի վիրավորել, այլ իրերն է կոչել իրենց անուններով

Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:

Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը