Քաղաքական

09.07.2020 21:24


Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա

Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա

Կառավարությունը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս փաթեթով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:

«Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` ՀՀ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 300-500 հազար դրամի չափով:

«Նման արտակարգ իրավիճակներում կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն է առաջանում: Նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, որն ընդունվել է նախորդ տարի: Իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ այսպիսի փոփոխությունների: Կառավարության լիազորություններն ու ծավալները, շրջանակները որոշվելու են ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ: Այսինքն արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ այդ ամենը նշված է լինելու: Սա ի պատասխան այն մտահոգությունների, որտեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա, մի կետից կառավարում բոլոր իր բաղադրիչներով: Այդպես չէ:

Այստեղ կարևոր է անձնակազմի պարտադիր ընդգրկվելու պահանջը, որովհետև պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում մարդկային, պետք է կարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել, ինչը այսօր գործող կարգավորումներով հնարավոր չի լինում»,-ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ պետք է հստակեցվի:

Բժշկական կազմակերպությունների չստացված եկամուտների մասը, որպեսզի հետագայում վեճերի առարկա չդառնա, թե որքան էն եղել չստացված եկամուտները:

Արսեն Թորոսյանը նախ ասաց, որ դա այլ օրենքով է կարգավորվում, ապա հավելեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է, որ պետք է փոխհատուցել չստացված եկամուտը: «Որովհետև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ այլ ռեսուրսներ են ներգրավվում, ու դա կարծես թե նրանց պարտականությունն է՝ ներդրում ունենալ այս երկրի խնդիրների լուծմանը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը