Քաղաքական

13.07.2020 10:33


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4-րդ զոհի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4-րդ զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի ևս մեկ զինծառայող: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զոհվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ օղլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսով ադրբեջանական կողմն իր իսկ կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայտնում է 4-րդ զոհի մասին:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը հայտնել էր 3 զոհի մասին:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,-հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ Հիվանդանոցում մահացել է վիրավորներից ևս մեկը: Հայկական Զինված ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարք:

Շուշան Ստեփանյանը այնուհետև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:

«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Հայկական Զինված ուժերը մարդկային և այլ կորուստներ, վիրավորներ չունեն:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

Երկու-երեք ժամվա դադարից հետո հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը