Քաղաքական

13.07.2020 11:01


Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին (տեսանյութ)

Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում:

«Երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցութուն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայ տրամաբանությամբ:

«Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակումով: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով: Հնարավոր է, որ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

«Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը: Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում:

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, որոնք այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»,-ասաց Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը