Մեկնաբանություն

05.04.2011 13:24


ՀԱԿ–ը քաշված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Լևոն Տեր–Պետրոսյանն է

ՀԱԿ–ը քաշված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Լևոն Տեր–Պետրոսյանն է

Ինչպես հայտնի է, 2008–ի նախագահական ընտրության փուլում ընդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մի զգալի մասը ձայն տվեց Լևոն Տեր–Պետրոսյանին, ով առաջարկել իրեն որպես գործիք օգտագործել և թույլ չտալ, որպեսզի նախագահ դառնա Սերժ Սարգսյանը։

Չաշխատած գործիքը

Նախագահական ընտրությունների ժամանակ Տեր–Պետրոսյանը շատ պարզունակ «կուտ» էր տվել անգամ իրեն չընդունողներին՝ հայտարարելով, թե ինքը պատրաստ է իշխանության գալուց 3 տարի անց հեռանալ (արձանագրենք, որ ոմանք այդ «կուտը» կերան՝ չխորանալով նրա ամբողջական ասածների մեջ, որից պարզ էր դառնում, որ Տեր–Պետրոսյանն այնպիսի նախապայմաններով էր խոստանում հեռանալ երեք տարուց, որը հնարավոր չէր ապահովել, ուստի՝ նա չէր հեռանալու, բայց դա արդեն կարևոր չէ, քանի որ նա չկարողացավ իշխանությունը վերցնել)։ Նրա երեք տարվա «խոստման» ենթատեքստն այն էր, թե եթե նույնիսկ ինձնից զզվում եք, ապա ոչ պակաս եք զզվում նաև իշխանության թեկնածուից, բայց քանի որ ինձ հանդուրժելու եք ընդամենը երեք տարի՝ հետևաբար  գերադասեք ինձ։ Այսինքն՝ կրկին առաջ էր քաշվում օգտագործվող (մեկանգամյա կամ ժամանակավոր) գործիքի գաղափարը։

Գործիքը, ինչպես հայտնի է, չախշատեց։ Չաշխատեց, քանի որ հնամաշ էր ու Հայաստանի զարգացումը տեսնում էր Թուրքիային և Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու տարբերակով։

Ճիշտ է, Տեր–Պետրոսյանին հաջողվեց բոլշևիկների մայիսյան ապստամբության պես մի բան կազմակերպել, բայց միևնույն է բաղձալի աթոռին նա չտիրացավ։ Դրանից հետո արդեն նրա օրակարգային միակ կետը քաղաքական դաշտում իր տեղը պահպանելն ու Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի գործիք դառնալն էր՝ «փողոցային ընդդիմության» կարգավիճակով։ Այդ նպատակներին «ինստիտուցիոնալ» ճանապարհով հասնելու համար էլ ստեղծվեց Հայ ազգային կոնգրեսը, որի քաղաքական շարժիչն աշխատում է «Սերժի՛կ, հեռացի՛ր» «վառելիքով», բայց իրականությունն այն է, որ կոնգրեսական ղեկը վերահսկող Լևոն Տեր–Պետրոսյանը «Սերժի՛կ՝ նախագա՛հ» ուղղությամբ է վարում մեքենան։

ՀԱԿ առաջնորդի միակ ու անփոխարինելի քաղաքական մոտեցումը 2008–ի ընտրություններից հետո «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» ծրագրի իրականացումն է, ինչը ենթադրում է հլու–հնազանդ ենթարկվածություն Սերժ Սարգսյանին։ Այս մասին Տեր–Պետրոսյանը բազմիցս հրապարակավ խոսել է ու իր ծառայություններն է առաջարկել ՀՀԿ «ճկուն» առաջնորդին։ Նրա առաջարկ–խնդրանքներին մի ժամանակ բանի տեղ չէր դնում «Եղիազարը», բայց այժմ, երբ երկրում այլևս սերժա–տիգրանական տնտեսական քաղաքականության արդյունքում հեղափոխական վիճակ ստեղծվեց, իշխանությունները գլխավոր «միաբանին» հիշեցին ու հիմա օգտագործում են որպես գործիք՝ հեղախոխական տրամադրությունները չեզոքացնելու և Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդելու  համար։

«Խոխման» այն է, որ փողոցում «Սերժի՛կ, հեռացի՛ր» բղավող Լևոնի կողքը կանգնած մարդը, ըստ էության, պայքարում է Ս. Սարգսյանի իշխանության պահպանման ու այս ռեժիմի գոյատևման օգտին։ Այդպես է ստացվում։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ «Եղիազարի» ու «միաբանի» դաշինքի դեմ այլընտրանքային նոր ուժն իր քաղաքական գիծը, լավ իմաստով, չագրեսիվացնի։ Ի դեպ, այդ ուղղությամբ գործընթացներն արդեն ակտիվանում են։

Հասկանում եմ, որ հիմա հարց կարող է առաջանալ զոմբիացած լևոնականի մոտ, թե բա ինչպե՞ս է այդ դեպքում Տեր–Պետրոսյանը պահանջում Սարգսյանի հրաժարականը (չնայած՝ էս վերջերս դա էլ չի պահանջում) և քայլում այն երթի առջևից, որը շարժվում է «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսով, կամ ինչու՞ են ծեծում ու բռնում լևոնականներին, եթե Սերժն ու Լևոնը իրար հետ են։

Նախ ասեմ, որ մի ժամանակ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանն ավելի ահասարսուռ բաներ էին ասում Սերժի հասցեին ու պահանջում նրա հրաժարականը, բայց հիմա որտե՞ղ են նրանք։ Բացի այդ, ի՞նչ կապ ունի, թե ինչ են գոռում քո հետևորդները, եթե գործողություններդ ճիշտ հակառակ տրամաբանության մեջ են։

Ընդդիմադիր լինելը միայն բարձրաձայն հայհոյելու մեջ չէ։ Ի՞նչ ընդդիմադիր լինելու մասին է խոսքը, եթե գոռում ես «Սերժի՛կ, հեռացիր՛ր», բայց միևնույն ժամանակ ողջունում ես նույն Սերժ Սարգսյանի «ֆուբոլային» դիվանագիտությունը։ Եվ այսպիսի բազում օրինակներ կարելի է բերել, բայց եթե մարդը «վկա» է, ապա ոչ մի ռացիոնալ փաստարկ չի համոզի նրան ու «վկան» կսկսի նորից վանկարկել «Լե՛–վո՛ն՝ նախագա՛հ», ինչն արդեն զավեշտ է։

Իսկ այն, որ լևոնականներին ոստիկանները ծեծում են, քաշքշում ու երբեմն էլ կալանավորում, ապա դա մտնում է Տեր–Պետրոսյանի հաճախորդացումը քողարկելու ժանրի կանոնների մեջ։

Կոնգրեսի զոմբիական շրջանակներին պետք է ասեմ, որ իրականում Լևոնը Սերժի հետ ոչ թե շախմատ, այլ շաշկի է խաղում ու այդ խաղի ժամանակ շատերդ «ժերտվա» եք գնում կամ ֆուկ լինում։ Բա, «տհենց պյաներ», «հարգելի» զոմբիներ։ Այնպես որ կարող եք շարունակել պայքարը ... հանուն սերժական համակարգի կայունության (մեր ողջույնները Տեր–Պետրոսյանի խնամուն)։

Ազատվել մեկ մարդուց

Քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Հայ ազգային կոնգրեսն այժմ հայտվել մեկ մարդու՝ Տեր–Պետրոսյանի ձեռքի գործիքի դերում և փաստացի սպասարկում է մեկ այլ մարդու՝ Սերժ Սարգսյանի շահերը։ Ասել է թե՝ ՀԱԿ–ը քաշված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Տեր–Պետրոսյանն է, ով դեստրուկտիվ ֆունկցիա է կատարում ու սպասարկում է իշխանական նեղ թիմի ու իր շուրջը հավաքված  մի քանի հոգու շահերը՝ օգտագործելով հանրահավաքային ռեսուրսը։ Հանրահավաքի գնացողը պետք է հասկանա, որ կամա, թե ակամա, դառնում է սերժա–լևոնական առևտրի առարկա, ո՛չ ավելին։

Նախագահական ընտրությունների ձևաչափն այնպիսին էր, որ ենթադրում էր մեկ մարդու շուրջ համախմբում ու շարժման ձևավորում, և դա բնական էր։ Բայց անբնական է, երբ հետընտրական փուլում շարժումը վերածվում է կառույցի, որի մեջ ներգրավվում են բազում կուսակցություններ, ՀԿ–ներ ու անհատներ, բայց այդ կառույցը կրկին կախված է լինում մեկ մարդուց, ով բացառապես իր անձնական շահերով է ղեկավարում մնացածներին ու որպես շախմատի «պեշկա» կամ շաշկու քար օգտագործում իր «թիմակիցներին» ու շարքերին։

Որքան շուտ հասկանան այս ամենը ՀԱԿ–ի անդամ  կուսակցություններն ու շարքերը, այնքան լավ կլինի նրանց ու նախևառաջ ՀՀ շահերի համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությունն այն մասին, որ 2008–ի մարտի 1–ին Տեր–Պետրոսյանն իրեն ասել էր, թե Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներն իր ժողովուրդը չեն՝ ամբողջացնում է ՀԱԿ առաջնորդի կերպարը։ Սաֆարյանի ասածներով հաստատվում է այն թեզը, համաձայն որի Տեր–Պետրոսյանն առաջնորդվում էր «Թող լիքը զոհ պահանջվի՝ ինձնից բացի» կարգախոսով, այնինչ Ազատության հրապարակում ասվել էր, թե «Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ ինձնից բացի»։ Բա ...

Այս խորագրի վերջին նյութերը