Քաղաքական

14.07.2020 14:20


ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է տրամադրել կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են հայտնում այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների բախման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրավիճակի լարվածության կապակցությամբ, որի ընթացքում օգտագործվել է նաև ծանր սպառազինություն, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ»,-ասված է հայտարարության մեջ:

«Առկա իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների մասին»,-ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Ռազմաքաղաքական դաշինքում կողմերին կոչ են անում «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:

«Ցավակցություններ ենք հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշել են ՀԱՊԿ-ում:

Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը մեկ անգամ չէ, որ կոչ են արել կողմերին հակամարտությանը վերաբերող հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և խուսափել սադրիչ գործողություններից` լարվածության սրացում թույլ չտալու նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Այսօր արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը հայտնել է, որ Թովուզի ուղղությամբ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը