Լրահոս

06.04.2011 15:01


Ջիվան Գասպարյան. «Թալանեցին մեզ, մեր փողերը կերան, հարստացան, մենք էլ դարձանք բոմժ»

Ջիվան Գասպարյան. «Թալանեցին մեզ, մեր փողերը կերան, հարստացան, մենք էլ դարձանք բոմժ»

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ Ջիվան կրտսերը, ով պապի նման նույնպես դուդուկահար է, բնակվում է ԱՄՆ–ում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանը նշել է, որ ժամանակին իրենց ընտանիքը ոչ թե հաճույքի համար, այլ վատ պայմանների պատճառով է հեռացել Հայաստանից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։

–Այդ տարիներին ինչքա՜ն վատ էինք մենք ապրում այստեղ, ոչ մեկը մեզ բանի տեղ չէր դնում։ Էն ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե Ջիվան Գասպարյանն ինչո՞ւ է գնում երկրից։ Ես ի՞նչ գործ ունեի գնայի Ամերիկա։ Երեխեքիս, ընտանիքիս հավաքեցի, գնացի, որովհետև այստեղս էր հասել։ Երբ որ մի անպետք երգիչ կարող էր դառնալ ռադիոյի նախագահի տեղակալ և ինձ զանգել, ասել՝ պարո՛ն Գասպարյան (արդեն պարոնով էր խոսում հետս), ես հիմա նախագահի տեղակալ եմ, դուք պետք է գաք, դիմում գրեք, ազատվեք աշխատանքից, որովհետև մենք չենք կարողանում ձեզ վճարենք։ Ընդամենը 40–50 ռուբլի փող էինք ստանում, այսինքն մի օրվա ծախսի փող։ Ես էլ ասեցի՝ էդ երբվանի՞ց ես դրաձել էդ գործին, դու քո կոտրած ձեռով դիմում գրի իմ փոխարեն, ստորագրի ու պատմության մեջ կմնա, որ դու ինձ աշխատանքից հեռացրեցիր։ Ինքը հիմա Հայաստանում չի ապրում, Ավստրալիա է գնացել, եկեղեցու ավտո է քշում, տերտերներին է տանում–բերում։ Եվ էս վիրավորանքը սրտիս մեջ ես Հայաստանից մեկնեցի ու մեկը չասեց՝ ո՞ւր ես գնում, ինչի՞ համար ես գնում։ Մեր ունեցած բոլոր գումարը մնաց բանկում, թալանեցին մեզ, մեր փողերը կերան, հարստացան, մենք էլ դարձանք բոմժ ու էստեղ մեզ բանի տեղ չդրեցին։ Ինչի՞ պետք է էդպես լինել այդ ժամանակները, ինչի՞ պետք է  արվեստագետը չգնահատվեր։ Կամ մենակ արվեստագետը չէ, գիտության աշխատողներն էլ, ինչքա՜ն լավ–լավ տղաներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ ունեիքն, գնացին, քաղաքը դատարկվեց, գյուղերից եկան, լցվեցին քաղաքում և քաղաքը դատարկվեց իմաստուն մարդկանցից,–նշել է Ջ. Գասպարյանը` հավելելով, որ փոխարենն ԱՄՆ–ում մեկ ամսում իրեն «գրին քարտ» են տվել և ձեռքերի վրա ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը