Քաղաքական

21.07.2020 18:35


Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը և կանդրադառնա դրանց դատաքննությունը լրացնելու միջնորդությունների փուլում։ Ըստ դատավորի՝ միջնորդությունների լուծումը հնարավոր է մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ինչպես նաև գործարար Սամվել Մայրապետյանին։

Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել է որպես վկա դատարան հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։

Ըստ պաշտպանական կողմի՝ առաջադրված մեղադրանքի մեջ նշվում է, իբր 2008 թ․ նախագահական ընտրությունների հետ կապված վեճի քննարկման ժամանակ ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտություն է առաջանում առաջին հերթին հարցաքննել ՍԴ դատավորներին, մինչդեռ նախաքննություն իրականացնող մարմինը հարցաքննել է ՍԴ-ի տեխնիկական անձնակազմին:

Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին, նշելով, որ տվյալ միջնորդությունը պաշտպանները կարող են ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացուցյների հետազոտման փուլում։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ միջնորդություններում հիշատակված անձինք տարիքով են և հնարավոր է, որ մի քանի տարի անց նրանք այլևս չեն կարող ներկայանալ դատարան։ Խուդոյանը հայտարարեց, որ դատարանն իր այս գործողություններով նպաստում է, որպեսզի այս գործով ամբողջական քննություն չկատարվի։

Իր հերթին պաշտպան Կարեն Մեժլումյանը կարծիք հայտնեց, որ սույն գործով վարույթը պետք է կասեցվի, մինչև դատավորների վեթինգի ավարտը, որովհետև մտավախություն կա, որ որևէ դատավոր, ով կարող է այս միջնորդությունները լուծել կամ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնել, կընկնի վեթինգի բացասական հետևանքների տակ։

Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ մեղադրանքը պաշտպանող դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստին Ասլանյանը հայտարարեց, որ մեղադրանքի եզրակացության մեջ ներառված չեն 2008թ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և ապացույցներ, այդ թվում՝ Եղիազարյանին տուժող ճանաչելու մասին որոշումը։ Ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթերի բացակայության պատճառով տուժողը նույնիսկ զրկվել է աջակցություն ստանալու հնարավորությունից, ինչի մեղավորները նախաքննության ընթացքում վերահսկողություն իրականացրած դատախազներն են։ Ասլանյանի խոսքով՝ մեղադրող կողմը ոչ թե պաշտպանում է տուժող կողմի շահերը, այլ մանիպուլացնում է դրանք։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից և տուժող ճանաչելու որոշումից բացի կա ևս մեկ չափանիշ՝ տուժողի դիրքորոշումը, որից կախված նա պետությունց հատուցում է ստանում է կամ չի ստանում։

Պաշտպանական կողմը միացավ դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով դատախազների մի շարք ապօրինի գործողությունների վրա։ Որպես օրինակ պաշտպան Արամ Վարդևանյանը հիշեցրեց պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելու իրավունքը սահմանափակելու դատախազության միջնոդությունը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը