Քաղաքական

22.07.2020 04:28


Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS (լուսանկար)

Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS (լուսանկար)

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ:

Ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:

Ձախից՝ ցուցադրված բեկորը, աջից՝ Spike-NLOS հրթիռը

NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից՝ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից և ցուցադրված բեկորների դրանց մեջ մնացորդներ մենք չտեսանք:

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել այս հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:

Ադրբեջանի ՊՍԾ ռազմանավը Spike NLOS արձակման կայանով

2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել էր, որ իրենք դասեր են քաղել 2016թ. ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակեց լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ:

Ադրբեջանական Մի-17 ուղղաթիռը ենթադրաբար Spike NLOS-ի կախոցներով

Միաժամանակ Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այս հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020թ․ հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը