Քաղաքական

22.07.2020 19:11


Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի ենթարկելուց հետո դեռևս քրեական գործ չի հարուցվել, նա որպես տուժող չի ճանաչվել. պաշտպան

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի ենթարկելուց հետո դեռևս քրեական գործ չի հարուցվել, նա որպես տուժող չի ճանաչվել. պաշտպան

Մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը դեռևս որպես տուժող չի ճանաչվել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

Նա տեղեկացրեց, որ ըստ ծեծի ենթարակված անձ Օնիկ Կարապետյանի հաղորդման, որը տրվել է երեկ գիշեր ոստիկանության էրեբունի բաժնում, նրան երեկ ժամը 22-ից 23-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ռ. Սուքիասյանի (գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր /Tert.am/) սենյակում: Նա ծեծի է ենթարկվել Սուքիասյանի և թիկնազորի որոշ անդամների կողմից: Օնիկ Կարապետյանը նաև նշել է, որ ցանկացել է դուրս գալ, նրան արգելել են որոշակի ժամանակ դուրս գալ սենյակից:

«Վերջինիս պարտավորեցրել են Ռ. Սուքիասյանի և Օնիկ Կարապետյանի բարեկամի միջև ծագած վեճի արդյունքում 200 հազար դոլար գումար տրամադրի նրան, նաև սպառնացել են ոստիկանություն դիմելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա և ընտանիքի անդամների հետ․ սա, ըստ Օնիկ Կարապետյանի հաղորդագրություն»,-պատմեց նա:

Հարցին՝ հիմա ինչ փուլում է այս գործը, ինչ պետք է անի Օնիկ Կարապետյանը, փաստաբանը պատասխանեց. «Նա հաղորդում է տվել, այսօր դեպքի վայրի զննություն է տեղի ունեցել, քիչ առաջ է ավարտվել դեպքի վայրի զննությունը և դեռևս այս պահի դրությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ դեպքի առթիվ որոշում չկա, ինչպես նաև Օնիկ Կարապետյանը դեռևս տուժող չի ճանաչվել: Հետևաբար առաջին սպասումը, որ կա,՝ դեպքի առթիվ տված հաղորդման հիման վրա հարուցած քրեական գործի որոշումը ստանալն է, այնուհետև տուժող ճանաչվելը, որից հետո հերթական օրենքով սահմանված կարգով քննչական գործողություններ կատարելը»:

Հարցին ՝ ծեծի ենթարկվելուց հետո ինչպես է Օնիկ Կարապետյանի ինքնազգացողությունը, նա տեղեկացրեց, որ երեկվա դեպքից հետո ոստիկանության բաժնից գնացել են Էրեբունի հիվանդանոց, որովհետև զգացողությունը վատացել էր, ունեցել է գլխապտույտ և սրտխառնոց: «Կարծում էինք, որ կոտրվել է քիթը, սակայն պարզվեց, որ սալջարդ է և ատույցվել է: Առավոտյան ժամը տասի կողմը բժիշկը մի փոքրիկ վիրահատական միջամտություն է կատարել միջնապատի հետ կապված, որ համոզվի արյան կուտակումներ կան, թե՝ ոչ, հիմա քիթը գտնվում է այտուցված վիճակում»,-նշեց նա:

Հարցին՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկվե՞լ է Կարապետանը, Վրեժ Խաչիկյանը պատասխանեց. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն դեռևս չի անցել, որովհետև հետաքննիչը պետք է Էրեբունի ԲԿ-ից վերցնի այդ թղթերը, որից հետո ներկայանանք դատաբժշկական փորձագետին»:

Այս խորագրի վերջին նյութերը