Լրահոս

07.04.2011 10:34


Մանկապարտեզի տնօրեններն անձնագրերն են պահանջում

Մանկապարտեզի տնօրեններն անձնագրերն են պահանջում

«7օր»–ի խմբագրություն զանգահարած մի շարք ծնողներ իրենց անհանգստությունն են հայտնել, որ մանկապարտեզ երեխաների հաճախելն անվճար դարձնելու համար մանկապարտեզի տնօրեններն իրենցից ոչ միայն անձնագրի պատճենն են պահանջում, այլ նաև անձնագրի բնօրինակը։ Ավելին՝ սպառնում են, որ եթե մեկ օրում այն չներկայացնեն, ապա պետք է մուծեն 8 հազ. դրամ ամսավճարը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունից «7օր»–ին պատասխանել են, որ hամաձայն Երևանի քաղաքապետի 04.04.2011թ. 1142-Ա որոշման՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից,
  2. 2 լուսանկար,
  3. Երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
  4. Բժշկական տեղեկանք երեխայի առողջության մասին /ձև №26/,
  5. Տեղեկանք բնակավայրից /համատիրությունից կամ թաղային լիազորից/, ծնողի անձնագրի պատճենը՝ գրանցման էջով,
  6. Ծնողի և հաստատության միջև կնքվող պայմանագիրը։

Ծնողի անձնագրի բնօրինակը անհրաժեշտ է՝ դրա պատճենի վրա նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի կողմից  «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը կատարելու համար՝ որպես հիմք։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ապրիլի 1-ից մայրաքաղաքի համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններն անվճար են դարձել։ Երեխայի նախադպրոցական կրթությունն իրականացվում է  անվճար, եթե`

ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողները  ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,

գ. երեխայի ծնողներն ազատամարտիկներ են,

դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում:

Որոշման մեջ  չներառված ծնողների երեխայի համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական  հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8 հազար դրամ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18 000 դրամ  ծախսի դիմաց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը