Քաղաքական

28.07.2020 16:20


Պաշտպանները միջնորդեցին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը (տեսանյութ)

Պաշտպանները միջնորդեցին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը (տեսանյութ)

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018 թ, հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ընդ որում, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյոք Քոչարյանն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով, չնայած որ, դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, այնուամենայնիվ արգելանքը մինչ օրս չի վերացվել։

Այսօրվա դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալին թույլ տան հատել ՀՀ սահմանը և ընդհամենը երկու օրով մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի Թեթրի Ծղարո շրջան, որտեղ հուղարկավորված են նրա ծնողները և եղբայրը։ Պողոսյանը նշեց, որ 2018 թ․ նոյեմբերի 4-ին Խաչատուրովը վերադարձել է Մոսկվայից և այլևս չի լքել ՀՀ սահմանը։

Սակայն դատարանը նպատակահարմար չգտավ բավարարել դիմումը` պատճառաբանելով, որ Covid 19-ի համաճարակով պայմանավորված արտերկրից վերադարձող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օրով մեկուսանա, ինչն էլ կարող է դատական նիստերի ձգձգման պատճառ դառնալ։

Այս խորագրի վերջին նյութերը