Լրահոս

07.04.2011 17:38


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Այգեկ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել շենքում, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին:

Արմավիրում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի մի շարք ընկերություններ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են այդ ընկերությունների  ընթացիկ աշխատանքն ու ներդրումային ծրագրերը: Նախագահը, մասնավորապես, եղել է Արևշատ համայնքում գտնվող §Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, որտեղ արտադրական հզորությունների ավելացման նպատակով կառուցվում է մսատու թռչնի մայրական հոտի աճեցման և պահպանման համալիր, իսկ ս.թ. մարտին արդեն շահագործման է հանձնվել §Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նոր կիսաֆաբրիկատների արտադրամասը:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում Հանրապետության ղեկավարն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջել ծաղկաբույսերի և սնկի աճեցման արտադրամասերում, ծանոթացել ջերմատների կառուցման աշխատանքներին:

«Բիգա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, կառուցել կոմպոստի արտադրության գործարան, որը լինելով միակը տարածաշրջանում` սունկ արտադրողներին կապահովի սնկի աճեցման համար պատրաստվող հումքով` կոմպոստով: Ընկերության ծրագրերի մեջ է նաև սնկի արտահանումը այլ երկրներ:

§Ամստեր Ֆլաուերս» ընկերության և հոլանդական «Ammerlaan Construction¦ ընկերության միջև 2010թ. կնքված պայմանագրի համաձայն, «Ամստեր ֆլաուերս»-ը   նոր տեխնոլոգիաներով կառուցվելիք ջերմատներում նախատեսում է  բարձր համային և որակական հատկանիշներով բանջարեղենի`լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցում: Ընկերությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ  շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսված է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ առաջին բերքն ստանալ` հոկտեմբերի վերջին: Ներդրումների ընդհանուր չափը 1 մլն. 200 հազար եվրո է:

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Շենիկի ինքնահոս համակարգի գործարկմանը, որի շնորհիվ Տալվորիկ համայնքի ջրօգտագործողներն ապահովվում են ոռոգման ջրով: Նշվել է, որ նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի: Համաշխարհային բանկի և Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, և ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի հիմնական աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը:

Մարզի Արաքս համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը