Քաղաքական

31.07.2020 12:05


Երևան քաղաքի դատարանը կրկին կքննի Ալվինա Գյուլումյանի հայցը. երկու տարի անց գործն ուղարկվել է նույն դատարան

Երևան քաղաքի դատարանը կրկին կքննի Ալվինա Գյուլումյանի հայցը. երկու տարի անց գործն ուղարկվել է նույն դատարան

Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել ՍԴ նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին գործը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Քաղաքացիական գործը վարույթ ընդունած դատավոր Երեմ Ասոյանը որոշում է կայացրել գործի քննությունը սկսել սկզբից և նախնական դատական նիստ հրավիրել 2020թ. սեպտեմբերի 16-ին։

Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ–ում ընդունված Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում, արդեն երկու տարի է՝ դատական քաշքշուկի մեջ է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հետ՝ «ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահի» վերտառությամբ հոդվածի պատճառով։

Հայցվոր կողմը դատարանում վիճարկում է հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտությունները. «Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաև այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը՝ ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի»:

Հայցվորի ներկայացուցիչը խնդրել էր դատարանին` պարտավորեցնել պատասխանողին հերքել հոդվածում ընդգրկված Ալվինա Գյուլումյանի պատիվը և արժանապատվությունը զրպարտող և արատավորող տեղեկությունները, ինչպես նաև` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում և գումարը փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հիմնադրամի հաշվեհամարին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը 2019 թվականի դեկտեմբերի 6–ին վճռել էր Գյուլումյանի հայցը մերժել` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և Ալվինա Գյուլումյանից հօգուտ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Գյուլումյանն այս վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որն էլ այս տարվա ապրիլի 15-ին որոշում էր կայացրել բավարարել բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը