Քաղաքական

04.08.2020 17:55


300.1 հոդվածով չի կարող լինել տուժող․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը (տեսանյութ)

300.1 հոդվածով չի կարող լինել տուժող․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։

Պաշտպանական կողմն առարկեց որոշման դեմ՝ նշելով, որ այն որևէ կապ չունի Քրեադատավարական օրենսգրքի պահանջների հետ։ Պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ նման որոշմամբ դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից անօրինական ճանաչված որոշումը, որով խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այնուամենայնիվ մնա ուժի մեջ։

«Դատարանն ինքն իրեն հակասում է և ստեղծում է մի իրավիճակ, երբ ապօրինի որոշումը շարունակում է գործել»,-ասաց պաշտպանը։

Նկատենք, որ դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները սակայն հրաժարվեցին ներկայացնել տեղեկանքները, պատճառաբանելով, որ այդ պարտականությունը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա։

Պաշտպան Հայկ Ալումյանն իր խոսքում մեջբերեց Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով դատարանն անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին և արձանագրել, որ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։ Նրա կողմից պետք է ներգրավվի ապրանքագետ-փորձագետ կամ նշանակվի փորձաքննություն գույքի արժեքը որոշու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն։

Այդպիսով, քննիչի որոշումը, որով կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա, դատարանների, այդ թվում Աննա Դանիբեկյանի որոշումներով, ճանաչվել է անօրինական, սակայն այդ խախտումը վերացնելու փոխարեն, Դանիբեկյանը լայնածավալ քննարկում է ծավալել։ Ավելին, մեղադրողների կողմից բերված փաստարկներն արդեն իսկ քննարկվել և մերժվել են դատարանի կողմից։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը։

Պաշտպանը բացատրեց, որ խնդրում է նիստը հետաձգել դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու համար։ Գնահատման արդյուքներով ստացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։

Իր հերթին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց, նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։ Վարդևանյանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա, հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։ Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է ամհրաժեշտ։

Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ, ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպել գույքը գնահատելու գործընթացը։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Նա նշեց, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։

Այսպիսով, սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։

Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիակով։

Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց․ հաջորդը կլինի օգոստոսի 11-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը