Քաղաքական

08.08.2020 14:30


Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին

Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին

Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը ոչ միայն չի կարող կարգավորել ԼՂ խնդիրը, այլև ավելի կբարդացնի իրավիճակը և հակամարտությունը սառեցնելու փոխարեն նոր պատերազմի պատճառ կարող է հանդիսանալ։ Նման տեսակետ News.am–ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ՝ անդրադառնալով ԼՂ խնդրի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի՝ ԵԱՀԿ-ի տիրույթից ՄԱԿ տեղափոխելու վերաբերյալ վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ ճանապարհը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղն անjորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։

«Նախ պետք է հաշվի առնենք, որ Հոգլանդն արդեն նախկին դեսպան է և արտահայտել է իր անձնական կարծիքը։ Նման կարծիքներ այս ընթացքում շատ են հնչել, սակայն կողմերը՝ առաջին հերթին Ադրբեջանը, դրան չի համաձայնի, քանի որ համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, և որի նկատմամբ իր սուվերենությունը ինչ–որ կարգավիճակով չի զիջի ՄԱԿ–ին, սակայն եթե անգամ համաձայնի, նման պարագայում լուրջ հարցեր կարող են առաջանալ։ Առաջին հերթին սահմանների հետ, միջանցքի կարգավիճակի և այլն։ Եթե հակամարտությունը սառեցվում է, և այդ հարցը դրվում է միջազգային պրոտեկտորատի տակ, ապա առաջ է գալու խաղաղապահների հարցը, ինչը խնդիր է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, նաև Ռուսաստանի համար։ Եթե Արցախում այլ երկրների զորքեր տեղակայվեն, կստացվի, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Կովկասում։ Սա հարցերի չնչին մասն է, բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, որոնց հետ պետք է համաձայնեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև խնդրով շահագրգիռ մյուս կողմերը։ Նման զարագացումն ավելի կբարդացնի իրավիճակը և հակամարտությունը սառեցնելու փոխարեն նոր պատերազմի պատճառ կարող է հանդիսանալ»,–ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով այն, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այդ հարցը, ակնհայտ է, քանի որ, ինչպես նշել է նախկին դեսպանը, հակամարտող կողմերի առաջնորդները դեռևս չեն եկել համաձայնության: Ըստ նրա՝ ակնհայտ է նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այս տարածաշրջանում իրենց շահերն ունեն։ Հարցին, թե ո՞ր դեպքում Արցախումմ խաղաղապահ ուժերի տեղակայման սցենարը կարող է իրականություն դառնալ և ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել նման զարգացումը հայկական կողմի համար, քաղաքագետը պատասխանեց. «Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը քիչ հավանական է։ Նման պարագայում կստացվի, որ մենք Արցախի անվտանգության հարցը զիջում ենք ինչ–որ միջազգային խաղաղապահ ուժերի, ինչը ենթադրում է, որ մեր Զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքից, և պարզ չէ, թե խաղաղապահները ո՞ր երկրներից կլինեն, պարզ չէ նաև թե սահմանային բախումների դեպքում ինչպե՞ս կդրսևորեն իրենց այդ ուժերը, եթե դուրս գան անվտանգության գոտուց նոր բախումներ կլինեն, թե ոչ։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք թույլ են տալիս արձանագրելու, որ նման սցենարը իրատեսական չէ»,–շեշտեց քաղաքագետը։ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափում դեռևս երկար ժամանակ կտրուկ փոփոխություններ չեն լինի։ «Այս հարցում պետք է լինի կամ հաղթող կողմ, կամ՝ պարտվող, այլ լուծում չկա, սրա մասին օբյեկտիվ կարծիք է հայտնել նաև դեսպան Հոգլանդը»,–եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը