Քաղաքական

09.04.2011 15:30


ՀՀԿ խոսնակ. «Արտահերթ ընտրությունների անցկացման որևէ անհրաժեշտություն չկա»

ՀՀԿ խոսնակ. «Արտահերթ ընտրությունների անցկացման որևէ անհրաժեշտություն չկա»

Ապրիլի 8–ի ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը խոսել էր իշխանությունների հետ երկխոսության մասին։ Անդրադառնալով  դրան՝ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուրադ Շարմազանովը «7օր»–ին ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր  պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ցույց է տվել, որ Հայաստանի համար կարևորագույն հարցերի շուրջը պատրաստ է երկխոսության առանց բացառության բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կընդունեն այդ երկխոսությունը։ Դրա վառ ապացույցներից են, նրա խոսքերով, նախագահի կազմակերպած քաղաքական խորհրդակցությունները, որոնց հրավիրվել էին քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, Է. Շարմազանովն ասել է, թե այդ խնդիրն իշխանությունների օրակարգում չի քննարկվում.

Արտահերթ ընտրությունների անցկացման որևէ անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ նաև ՀԱԿ–ի մեր գործընկերներն էլ շատ լավ հասկանում են, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետև դրա համար պատճառներ չկան։ Նրանք պարզապես նման հայտարարություններով ուզում են տաք պահել իրենց ընտրազանգվածը, որ մինչև 2012թ. որոշակի ընտրազանգված ունենան,–ասել է ՀՀԿ խոսնակը։

Լևոն Տեր–Պետրոսյանը նաև հայտարարել էր. «Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»։

«7օր»–ի՝ «Հնարավո՞ր է՝ իշխանությունները որոշ քայլեր իրականացնեն օրը ջրբաժանի չվերածելու համար, օրինակ՝ ազատ արձակվեն մի քանի քաղբանտարկյալներ» հարցին ի պատասխան՝ Էդուրադ Շարմազանովն ասել է, թե իշխանությունների գործելաոճը պայմանավորված չէ ընդդիմադիր այս կամ այն ճամբարից հնչող հայտարարություններով.

Մեր գործողությունները պայմանավորված չեն Լևոն Տեր–Պետրոսյանի կամ այլոց հայտարարություններով։ Դա պայմանավորված է մեր քաղաքական կուրսով։ Իսկ այդ հայտարարությունները բնական են՝ ընդդիմություն է՝ պետք է քննադատի։ Նախ, քաղբանտարկյալներ Հայաստանում չկան։ Դա իրավական տիրույթի հարց է։ Երկրորդը՝ եթե ՀԱԿ–ն իրոք ուզում է Հայաստանի ու ժողովրդավարության կայուն զարգացում, ապա իրեն պետք է տեղեկացնել, որ որևէ վերջնաժամկետ չի օժանդակում ժողովրդավարական զարգացմանն ու քաղաքական երկխոսությանը,–ընդգծել է ՀՀԿ խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը