Քաղաքական

11.08.2020 09:21


Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին․ «Հրապարակ»

Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Դատական համակարգում քննարկում են ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործն ու կալանավորումը։ Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը եւ Նարինյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Դատական համակարգում կարծում են, որ Նարինյանը ոչ թե հանցանք է կատարել, այլ զանցանք, ժողովրդական լեզվով ասած՝ «թամահ է արել»՝ սնանկացած անձի՝ աճուրդի դրված գույքն է գնել, ինչը օրենքով չի արգելվում, բայց «չպետք է աներ», որովհետեւ նման գույքի հետ նաեւ սնանկացած անձանց անեծքին են արժանանում։ Բայց վստահ են, որ իրավական առումով «փուչ գործ» է Նարինյանի գործը, ինչպես վերջին երկու տարվա գործերի մեծ մասը եւ եթե հասնի դատարան՝ փլվելու է աչքի առաջ։

Բայց դե, պարզ է, մինչեւ դատարան հասնալը երկար ճանապարհ կա եւ այս գործն էլ իշխանությունը կօգտագործի իր փիառի համար, կարծում են դատավորները։ Նրանց հատկապես զայրացրել է այն, որ այսպես հեշտությամբ դատավոր են կալանավորում։ Նրանք ասում են՝․ «Էլի թող գործ հարուցեին, քննեին, բայց կալանավորելու իմաստը ո՞րն է՝ դատական համակարգը ավելի շատ վարկաբեկե՞լը»։

Այս խորագրի վերջին նյութերը