Կարծիք

12.08.2020 14:22


«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում

«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում

Հայաստանում մի զանգված կա, որ «զարմանում է», թե ո՞նց կարող էր Նիկոլ Փաշինյանն «ափալ-թափալ» շնորհավորել Լուկաշենկոյին: Զարմանում են, որովհետև իրենք առաջինն իրենց, հետո շրջապատին հավատացրել էին, թե Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ է ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այս տեսակը համառորեն չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլը սովորական շառլատան է, Ամուլսարի միտինգավորի ասած ու դրա համար «վեԳալված»՝ «մուտիլովշիկ», որ իշխանությունը զավթելուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու խորհրդարանական լսումներ էր անում, հետո դարձավ ԵԱՏՄ «ջատագով»: Մինչև իշխանազավթումը 2016-ի ապրիլյան մարտերի համար ուղիղ Ռուսաստանին էր մեղադրում, հետո դարձավ ռուս պաշտոնյաների առաջ տրնգի-կալինկա պարող մեկը: Մինչև իշխանազավթումը արևմտյան կառույցների ներկայացուցիչներին «եվրայոնջա էր» անվանում, հետո դարձավ դրանց ձեռքի խաղալիքն ու ԼԳԲՏ ապրելաձև քարոզողը: Մինչև իշխանազավթումը Երևանի «կարմիր գծերն» ու ճանապարհների արագաչափերն էր անխնա քննադատում, հետո հրաժարվեց իր իսկ խոսքերից ու ավելացրեց արագաչափերի քանակը՝ Հայաստանի քաղաքացուն վերածելով բառի բուն իմաստով տուգանվելու մատերիալի: Մինչև իշխանազավթումը օլիգարխներին քննադատելով՝ ժողովրդի մոտ միավորներ էր հավաքում, հետո ընտանեկան հիմնադրամների միջոցով դարձավ դրանց «ախպերը»:

Իսկ ի՞նչ պետք է աներ, որ չշնորհավորեր Լուկաշենկոյին՝ Ալիևի հետ իր քիրվայության քավորին ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ում հակառուսական թեմաների իր միակ դաշնակցին: Նկատած կլինեք, որ Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը ռուսական պետության հետ աֆիլացված շրջանակները լայնորեն լուսաբանում էին ու Լուկաշենկոյին տարբեր մակարդակներում հարվածներ էին հասցնում: Չե՞ք հասկանում, որ իր քաղաքական սեթևեթանքներով վաղուց բոլորին զզվացրած Լուկաշենկոյին առաջինը ռուսներն են «իր տեղը» ցույց տալիս: Ու դա անում են նաև նրա համար, որ սանկցիաների տակ ճռռացող Ռուսաստանից փող կլպելու գործում երկու տարի է՝ Լուկաշենկոն Փաշինյանի հետ համատեղ է գործում: Մորեխներով ցուլի նյարդերի հետ էին խաղում: Եվ եթե Լուկաշենկոյի մոտիվը ռուսներից փող պոկելն էր, ապա Փաշինյանի մոտիվը զուտ աշխարհաքաղաքական էր՝ տրանսատլանտյան տերերի հրահանգներով: Արտաքին աշխարհում Նիկոլի միակ դաշնակիցը Լուկաշենկոն է, բա ի՞նչ աներ, որ չշնորհավորեր: Ի դեպ, Քիփլինգի ասած «Մեծ խաղի» մեջ նման «մանրուքները» շատ կարևոր են ու անպայման իրենց հետևանքներն են ունենում: Այն, ինչ Բելոռուսում է կատարվում հիմա, դրա վառ ապացույցն է:

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին արագ շնորհավորելու կապակցությամբ «մուտիլովշիկից» հիասթափվելուն, ապա սա ուղղակի երեսպաշտություն է: Երկու տարի անընդմեջ «մուտիլովշիկը» ոչնչացրել է Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ամեն բան՝ սկսած պառլամենտի վրա փողոցային գրոհով իշխանությունը զավթելու և դատարանները ոչնչացնելու փաստերից, վերջացրած մարդկանց քաղաքական որոշումներով ասֆալտին փռելու և քրեական հետապնդման ենթարկելու երևույթներով: Ու սա տեսել և հիմնականում ողջունել են բոլոր այն մարդիկ, որ հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր «դեմոկրատը» շնորհավորել «դիկտատորին»: Խնդիրը զուտ հոգեբանական է. «զարմացածները» նեղվում են, որովհետև իրենց սրտի «մուտիլովշիկը» իրենց բարոյազրկում է և խոսելու տեղ չի թողնում՝ հերթական փաստարկը տալով այն մարդկանց ձեռքը, որ երկու տարի շարունակ փաստարկված պնդում են՝ սա շարքային «մուտիլովշիկ է»:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը