Կարծիք

14.08.2020 21:38


Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ

Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ

Այսօր արդարադատության նախարարությունն իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։

Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։

Ս. Գալյանի մտքերին չեմ անդրադառնա, նախ՝ ի տարբերություն իր գործընկերների, նա միակն է, որ աչքի է ընկնում ընդգծված զուսպ, ոչ մեծամիտ ու բարեխիղճ պահվածքով, երկրորդ՝ նա սրա գաղափարախոսը չէ, այլ կատարողը։

Ասեմ, որ եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ ունեն, ապա կարիք չկար այս խայտառակությունը բերել եւ նախկին «տրոյկայի» փոխարեն ձեռնասունների «հնգյակ» դատարան ստեղծել, որ Ռուստամի հերթական կուրսեցին կամ մտերիմը դառնա դատավոր ու դատի կամ գույք խլի։

Կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։

Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարեւոր՝ միջազգային, իրավական, ռեպուտացիոն եւ այլ։ 26 երկրում կան այսպիսի դատարաններ, որոնց թվում են Բուրունդին, Աֆղանստանը, Մադագասկարը, Կամերունը, Բոտսվանան, Բանգլադեշը, Շրի լանկան եւ այլ։ Այո, տիկնայք եւ պարոնայք ճիշտ եք կարդում, բայց որ շատ չնեղվեք մի 3-4 «համեմատելի» երկիր էլ կա՝ Բուլղարիա, Ուկրաինա, Սլովակիա եւ Խորվաթիա։ Սա է մեր բարձրագույն նշաձողը։ Այս 4 երկրին են մենք ձգտում նմանվել, այն դեպքում երբ իրականում հաջողված համարվում է մեկը կամ առավելագույնը երկուսը։ Սա է Հայաստանի համար լավագույն օրինակը: Սրա մասին են առավոտից երեկո լուրջ դեմքով պատմում մեծամիտ ջահելները։

Ասեմ, որ Հայաստանը այս պահին էլ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Transparency international» կազմակերպության ցուցանիշներով այդ 26 երկրների բացարձակ մեծամասնությունից լավ ցուցանիշներ ունի։ Հետեւաբար, եթե դուք մտածում եք, որ այս դատարանների ստեղծումից անմիջապես հետո կամ մի քիչ ավելի հետո Բուրունդին կամ Աֆղանստանը դարձել են «անկոռուպցիա» ժողովրդավարության բաստիոններ, սխալվում եք։

Բացի այդ, այս դատավորներին ամսական 1 միլիոն դրամ են տալու, որ նրանք տարեկան 5-6 գործ (մինչեւ 10) քննեն, մինչ մյուսները քննում են մինչեւ 100։

Իրականում կարելի էր ե՜ւ մասնագիտացնել ե՜ւ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս։

Գիտեմ, որ այս պահին Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որ ինչ ասի, նրանք ասեն «Կլինի, շեֆ»։ Բայց սխալներից խուսափում են կամ շտկում են նրանց շնորհիվ, ովքեր գոնե երբեմն ասում են «ՉԻ լինի, խնդիր կառաջացնի»։ Լուծում գտնողներ բոլորին են պետք, բայց լուծումը չի կարող լինել այնպիսին, որ 3 տարի հետո պետությունը միլիոնավոր դոլարների վնասներ կրի։

Հ.Գ. Մեր կազմակերպությունը մանրամասն եւ համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում եմ կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու եմ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։ Եթե իրոք ուզում է խնդիր լուծել օգտակար կլինի։
Նախարարություն ուղարկելն ավելորդ է։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ անգամ պառլամենտում իշխանականներից եզակի մարդիկ ավելի ադեկվատ են արձագանքում։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը