Քաղաքական

15.08.2020 08:51


Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»

Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»

Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց մանդատը վայր դնելու եւ ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է եւ ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։ Մանավանդ Մանե Թանդիլյանը մի կողմից կուսակցության առաջատար դեմքերից է, մյուս կողմից՝ եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, իսկ դուրս գալուց հետո էլ շատ պասիվ կեցվածք է որդեգրել, գրեթե չմասնակցելով ԼՀԿ-«Իմ քայլը» թեժ մարտերին։

Սակայն «Լուսավորից» մեզ հավաստիացրեցին, որ պատճառը, ինչպես եւ նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատեւ բուժման կարիք ունի եւ նեղվում էր, որ չի կարողանում ակտիվ պատգամավորի դերակատարում ունենալ։ Ավելին, մեր աղբյուրներն ասացին, որ նա տեւական ժամանակ է գտնվում է արտերկրում՝ Ավստրալիայում է, այնտեղ է բուժվում եւ այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից եւ զբաղվել իր առողջական խնդիրներով։ Իսկ մանդատից եւ ԼՀԿ խորհրդի անդամությունից հրաժարվում է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն առաջ գա եւ ավելի ակտիվ աշխատի։

Այս խորագրի վերջին նյութերը