Քաղաքական

21.08.2020 10:42


Նախկին սև, ներկայումս՝ սպիտակ իշխանավորի դղյակը (լուսանկար, տեսանյութ)

Նախկին սև, ներկայումս՝ սպիտակ իշխանավորի դղյակը (լուսանկար, տեսանյութ)

«Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ Կառավարությունը կոռումպացված ա»,- օգոստոսի 13-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանյան սլենգում տարածված մի արտահայտություն կա: Երբ դիմացինին ուզում են հեգնանքով ասել, որ չեն հավատում նրա ասածներին, ասում են՝ «շուտ-շուտ կրկնի՝ չմոռանաս»:

Հիմա վարչապետինն է. անընդհատ խոսում է իր կառավարության մաքրամաքուր լինելու մասին, որ հավատա ու հավաստիացնի, որ իր գլխավորած կառավարությունը կոռումպացված չէ:

Սակայն, երբ ներկայիս իշխանություններն անդրադառնում են նախկին իշխանության դղյակներին, լավ կլինի՝ տեսնեն իրենց քթի տակ կառուցվող դղյակները։ Քրեակատարողական հիմնարկներում և ծառայության կենտրոնական մարմնում ընթացող լայնածավալ (ինչպես Ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում թմբկահարում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը) վերանորոգման և շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ շատ մեծ թափով ընթանում է նաև Ծառայության պետի սեփական առանձնատան կամ դղյակի (նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանավորներն ավելի լավ կբնութագրեն) շինարարական աշխատանքները, որը վեր է խոյանում դեպի Երևան-Սևան մայրուղու՝ հայտնի Արծվի արձանին չհասած՝ ձախ հատվածում:

Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:

Ըստ 168.am-ի՝ Ծառայության պետին մոտ կանգնած աղբյուրի՝ մինչ Ծառայության պետի պաշտոնում նշանակվելը Գոյունյանը որոշ ժամանակ դադարեցրել է շինարարությունը՝ հավանաբար թավշյա հեղափոխության ընթացքում աչքի չընկնելու համար, հիմա, փաստորեն, հարկադիր պարապուրդը կոմպենսացվում է ողջ ծավալով:

Ավելին, ՔԿԾ պետի ծառայողական երկու մեքենաներն էլ՝ թե ներկայիս ու նախկին պետերին սպասարկող 001SS03 պետհամարանիշը կրող սև գույնի NISSAN TEANA-ն, և թե TOYOTA PRADO ամենագնացը (մեկն էլ չէ, երկուսը, մինչդեռ վարչապետը բազմիցս հպարտությամբ անդրադարձել է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների կրճատմանը), ամբողջ օրը ներգրավված են առանձնատան շինարարական աշխատանքներում, իսկ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, հավանաբար նախարար Բադասյանը կիմանա, ով իր ընկերոջ աներոջը, ըստ տեղեկությունների, համատեղությամբ նաև՝ իր համակուրսեցու հորը, նշանակել է այդ պաշտոնին։

Ավելին, ուսումնասիրելով Արթուր Գոյունյանի և վերջինիս կնոջ հայտարարագրերը, նկատում ենք, որ ամուսինները 2019թ. հայտարարագրել են համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 4 հողամաս Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, ինչպես նաև շինություն, այգետնակ: Բազմաբնակարան շենքում 1 բնակարան Երևանի Կենտրոն համայնքում գտնվող, ՔԿԾ պետին պատկանում է ¼ բաժնային սեփականության իրավունքով, ևս մեկին էլ, կրկին Կենտրոնում, միանձնյա է տիրապետում:

Արթուր Գոյունյանը պատկառելի դրամական միջոցներ չի հայտարարագրել, ըստ հայտարարագրի՝ չունի նաև բիզնես, ուրեմն ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է վերջինս կառուցում նշված առանձնատունը: Արդյո՞ք ՔԿԾ-ից որպես աշխատավարձ ստացած 5,655,881.00 դրամ գումարը բավարար է նման ծավալի շինարարություն անելու համար, թող պարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն:

Պարզապես, երբ հաջորդ անգամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնա վեթինգին, գոնե թող նշի, որ իր հովանավորյալ Քրեակատարողական ծառայության պետն իրավապահ համակարգում իր թափանցիկ ու ազնիվ աշխատանքի արդյունքում կուտակած համեստ աշխատավարձով է ձեռք բերել վերոնշյալ սեփականությունը, և այժմ էլ իր աշխատավարձով է կառուցում այս «համեստ» դղյակը:

Հ.Գ. Այսօր մեր թղթակիցը եղել է առանձնատան տարածքում, կատարել է տեսանկարահանում: Հարևաններից հաստատել են, որ դղյակը պատկանում է նախկին դատախազի:

Այս խորագրի վերջին նյութերը