Քաղաքական

24.08.2020 21:52


Գործ ունենք երկակի ստանդարտների վառ օրինակի հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը

Գործ ունենք երկակի ստանդարտների վառ օրինակի հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը

Գործ ունենք երկակի ստանդարտների վառ օրինակի հետ։ Հայցադիմում ենք ներկայացրել դատարան, կփորձենք այստեղ պաշտպանել իրավունքները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հարկ եղած դեպքում կդիմեն միջազգային ատյաններին, այնտեղ ավելի մեծ հարգանքով են վերաբերում մարդու անձնական տվյալներին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ-ի դեմս Ֆինանսների նախարարության՝ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռ․ Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։ Մասնավորապես՝ մարտի 10-ին կայացած դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով, փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին։ Համեմատության համար նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին տեղեկատվությունը տարածելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

«Այն դեպքում, երբ այն վիրահատությունը, որի մասին խոսք է գնում, թաքցնելու էլ չէ, անձը դա չի անում թաքցնելու համար, այլ՝ ընդհակառակը։ Այս դեպքում նույն հենց տիկին Դանիբեկյանն առանց կաշկանդվելու, առանց հաշվի առնելու մարդու բժշկական տվյալների գաղտնիության սկզբունքը, կոպիտ միջամտություն թույլ տվեց անձնական կյանքի իրավունքի»,-ասաց Ալումյանը՝ նշելով, որ սպասում են դատախազության արձագանքին, թեև տեսնում են, որ դատախազությունը չի էլ պատրաստվում ընթացք տալ։

Նրա խոսքով՝ այլ բան է, երբ մարդ հաղորդում է ներկայացնում մի բանի մասին, որը հայտնի չէ իրավապահ մարմիններին և ակնկալում է, որ հարուցվի քրեական գործ, բայց, երբ նույն իրավապահների աչքի առջև է դա արվում, ապա այդ մասին իրավապահներին բարձրաձայնելն անիմաստ է, ուստի՝ այս պահին գերադասել են հայց ներկայացնել։ Ինչ վերաբերում է քրեաիրավական հարթություն տեղափոխվելուն, Ալումյանն ասաց, որ առաջիկայում կքննարկվի նաև քրեական գործ հարուցելու մասին պահանջ ներկայացնելու հարցը։

Նշենք, որ հայցվոր կողմը ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցում է պահանջ է ներկայացրել՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մուտք է եղել օգոստոսի 19-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Այս խորագրի վերջին նյութերը