Լրահոս

12.04.2011 18:11


ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2011 թվականի ապրիլի 12-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները.

Ստեփան Սաֆարյան. Այսօր ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին 1995թ. հայ-ռուսական պայմանագրի 5-րդ արձանագրությունը:  Այն հայ-ռուսական բարեկամության կամ ռազմավարական համագործակցության մասին չէ, այլ Հայաստանի անկախության մակարդակի անկման, Հայաստանի սահմանների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունից հրաժարվելու մասին է։ «Ժառանգություն» կուսակցությունը ՙոչ՚ է ասում այս քաղքականությանը եւ Հայաստանի ինքնիշխանությունը զիջող բոլոր պայմանագրերին:

Արմեն Մարտիրոսյան. Ընդունվող «Ընտրական օրենսգիրքը» չունի լիգիտիմության անհրաժեշտ մակարդակ, եւ այն ընտրությունները, որոնք անցկացվելու են, չեն ունենալու վստահություն հասարակության կողմից: «Ընտրական օրենսգրքի» ընդունման ձեւը եւ բովանդակությունը պետք է լիներ այն ուղերձն ու երաշխիքը, որ դուք քաղաքական կամք ունեք ոչ թե կեղծելու, այլ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու:

Լարիսա Ալավերդյան. Տարիներ շարունակ պետական մարմիններին հարող տարածքներում հավաքվում եւ բողոքում են ամենատարբեր խմբերի ներկայացուցիչները: Ժամանակն է հնչեցնել առաջարկությունս` բնականոն գործունեությունն ապահովելու համար օրենքի 19-րդ հոդվածում նշված պետական մարմինների շենքերն այլ ճարտարապետական արժեք հանդիսացող շենքերի օրինակով վաճառել եւ փոխարենը վաճառքից գոյացած միջոցներով կառուցել ստորգետնյա բունկերներ, որի ելքերը, նույպես ստորգետնյա, կմիացվեն ձեր համեստ առանձնատներին:

Անահիտ Բախշյան. Երեխաների կրթության իրավունքը վտանգված է: ԱԺ-ն ունի իր մեղքի բաժինը, երբ օրենքով նախատեսված բացակայությունների 120-180 ժամը դարձրեց 200 ժամ: Ո՞վ է պատասխան տալու երեխաների կրթության սահմանադրական իրավունքն անորակ իրականացնելու համար: Արդյո՞ք տեղերում վերլուծվել են ԳԹԿ-ի արդյունքները, ինչո՞վ են զբաղված Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի մարզպետարանների կրթության վարչությունները: Վերահսկիչ պալատի կողմից Արագածոտնի մարզում իրականացված ստուգումներից պարզվել է, որ ըստ հավելագրված աշակերտների թվի, բյուջեից ավել տրվել է 21.5 միլիոն դրամ: Ովքե՞ր են պետության գրպանը մտնողների հովանավորները:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը