Կարծիք

25.08.2020 09:11


Պահանջը պետք է լինի կառավարության և վարչապետի հրաժարականը

Պահանջը պետք է լինի կառավարության և վարչապետի հրաժարականը

Կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում քաղաքականության ձախողման պատասխանատուն կառավարությունն է, լինի դա կրթության, առողջապահության, թե մեկ այլ բնագավառին վերաբերող: Հետևաբար ոլորտային կառավարման ձախողումների պատասխանատուները ոչ թե գերատեսչությունների ղեկավարներն են, այլ կառավարությունն ամբողջությամբ՝ վարչապետի գլխավորությամբ:

Աներկբա է, որ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացարձակապես անհամապատասխան են իրենց զբաղեցրած պաշտոններին, բայց նրանք իրացնում են քաղաքական այն գիծը, որն առաջադրել և հավանության է արժանացրել կառավարությունը: Հետևաբար, պահանջը պետք է լինի կառավարության և վարչապետի հրաժարականը, հակառակ պարագայում վարչապետը հնարավորություն է ստանում գերատեսչական փոփոխությունների օգնությամբ սեփական կառավարության և անձամբ իր պատասխանատվությունը թողնել առանձին նախարարների վրա՝ զոհաբերելով և դարձնելով նրանց ընդամենը քավության նոխազ:

Հ.Գ. Օգոստոսի 1-ին Բեռլինում համավարակի սահմանափակումները վերացնլու պահանջով տեղի էր ունեցել հուժկու հանրահավաք (ըստ որոշ աղբյուրների մոտ մեկ մլն մարդկանց մասնակցությամբ), որտեղ շատ հստակ հնչում էր ոչ թե առողջապահության նախարարի, այլ Մերկելի գլխավորած կառավարության հրաժարականը: Գերմանիան դասական խորհրդարանական երկիր է, հետևաբար քաղաքականության պատասխանատուն հենց կառավարությունն ու վարչապետն են: Եվ սա այն դեպքում, երբ Գերմանիայի շարքային քաղաքացին կառավարության ձախողումներից թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական առումներով այնքան չի տուժել, որքան ՀՀ քաղաքացին:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը