Լրահոս

12.04.2011 19:36


2011թ. առաջին եռամսյակում կտրուկ աճել է խոշոր բիզնեսի վճարած հարկերի տեսակարար կշիռը

Պետական եկամուտների կոմիտեի 2011թ-ի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ  անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում: Այդ նպատակով ՊԵկ խոշոր հարկ վճարողների հարկային  տեսչության նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպումներ  են կազմակերպվում հանրապետության խոշոր հարկ վճարողների  հետ:

«Հարկային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով ապրիլի 12-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն էր կազմակերպվել: Խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել է համակարգում իրականացված բարեփոխումները,  մասնավորապես հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:

ՊԵկ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նախ անդրադարձել է շուրջ 440 խոշոր հարկ վճարողների կողմից 2011թվականի առաջին եռամսյակում հավաքագրված ցուցանիշներին: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են հավաքագրվել 49,2 միլիարդ դրամի հարկեր և 10,2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել  էին 38,8 միլիարդ դրամի հարկեր և 8,3 դրամի սոցիալական վճարներ: Այսինք, 2011թ. առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից ապահովվել է պետական բյուջե մուտքերի աճ` հարկերի մասով 10,4 միլիարդ դրամի չափով (կամ 26,8 տոկոսով ), իսկ  սոցիալական վճարների մասով 1,9 միլիարդ դրամի չափով (կամ 22,8 տոկոսով ) :

Ըստ Աշոտ Արզումանյանի, ՊԵԿ կողմից հավաքագրված ընդհանուր հարկերում 2011թ առաջին եռամսյակում 4,4 տոկոսով  ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը: Այսպես, 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրված 56,1 տոկոսի դիմաց 2011թ. նույն ժամանակաշրջանում գանձվել է 60,5 տոկոս, որը թվային արտահայտությամբ կազմում է 38,6 միլիարդ դրամ` 2010թ.–ի 68,8 միլիարդից և 49.2 միլիարդ դրամ` 2011թ. 81,3 միլիարդից:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողները, տեսչության պետի խոսքերով, հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ նրանցից 82 տոկոսն արդեն էլեկտրոնային հարկային հաշիվներ է դուրս գրում:

Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների իրացման շրջանառությունը  ևս 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում աճ է արձանագրել` կազմելով 325,2 մլրդ դրամ, կամ  2010 նույն ժամանակաշրջանի համեմատ 8 տոկոսով  ավելի:

2010թ. 4-րդ եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմել է 134 հազար մարդ, նրանց հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կազմել է 161,6 հազար դրամ: 2009թ. համեմատ, աշխատողների թվաքանակը ևս ավելացել է 2104-ով, իսկ միջին աշխատավարձը` 10.9 հազար դրամով:

Էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման գործընթացում 2011թ-ի հիմնական ուղղություններից մեկը հաշվետվություններում  արտացոլված ցուցանիշների  վերլուծությունն ու նախորդ հաշվետվությունների և երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների հետ  համադրումն է:

Հաջորդ  քայլն, ըստ տեսչության ղեկավարի,  խոշոր հարկ վճարողների հետ տարվող հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացումն է, որ իրականացվում է կանխարգելիչ և ընթացիկ բնույթի աշխատանքներով`նոր մեթոդներով և եղանակներով: 2011թվականից գործարկվել է ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկային ստուգումների համակարգը:

Կարևոր են նաև գերավճարների նվազեցմանն ուղղված միջոցառումները:  Այդ ուղղությամբ, դեռևս անցյալ տարվանից, ՊԵԿ  խոշոր հարկ վճարողների տեսչությունը  շոշափելի արդյունքներ է արձանագրել` ներկայացված հայտերը ժամանակին  բավարարելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ: 2011թ. առաջին եռամսյակում հարկ վճարողներին է վերադարձվել մոտ 3 միլիարդ դրամի գերավճար:

Այս խորագրի վերջին նյութերը