Մեկնաբանություն

12.04.2011 21:58


Hasta la vista, baby !

Hasta la vista, baby !

«Բարեշրջիչ» վարչապետ Տիգրան Սարգսյանի գործերն ակնհայտորեն վատ են, ու, ամենայն հավանականությամբ, շուտով նա հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ավելի ճիշտ՝ կհրաժարեցնեն։ Թե ե՞րբ դա տեղի կունենա, դժվար է հստակ կանխատեսել, բայց այն, որ «միջազգային կենտրոնների» մեծ սիրահարը զգում է, որ իր վարչապետական օրերը հաշված են, վկայում է այն հարցազրույցը, որը նա տվել է թերթերից մեկին։

Հարցազրույցում վարչապետը փորձում է հանրային աջակցություն ստանալ։ Աջակցություն ստանալ այն հանրությունից, ում հասցրել է այս օրվան։

«Մենք հայտարարել ենք պայքար մոնոպոլիաների, օլիգարխների դեմ։ Բայց այդ պայքարում հաջողության չենք հասնի, եթե բոլորը, այդ թվում և դուք՝ լրագրողներդ, սլաքն ուղղեք կառավարության, վարչապետի դեմ, նայեք ու սպասեք՝ հլը մի տեսնենք, պարո՛ն վարչապետ, ո՞նց ես պայքարելու նրանց դեմ»,– նշում է վարչապետը։

Փաստորեն, Տ. Սարգսյանն ուզում է մինչև պաշտոնանկ արվելն իր համար չար ուժերի դեմ պայքարողի իմիջ ապահովել, որպեսզի երբ հեռացվի կառավարության ղեկավարի պաշտոնից, դա ներկայացնի որպես օլիգարխների ու մոնոպոլիստների   դեմ անհավասար մարտում ընկնելու ու հասարակության շահերի պաշտպանության ժամանակ զոհ դառնալու պես մի բան։

Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխներից մեկը հենց Տիգրան Սարգսյանն է, ով, ըստ մամուլի հրապարակումների, մեծ կապիտալի տեր է։ Պարզապես Տ. Սարգսյանը քաղաքական դաշտի այն գործիչներից է, ովքեր կորեյկոյական խառնվածք ունեն և չեն սիրում բացահայտ ցույց տալ իրենց ունեցվածքը և պետական համակարգում աշխատած երկար ու ձիգ տարիներին կուտակածը, իսկ դրանք բավական շատ են, ինչի ծագման պատմությունը հնարավոր կլինի պարզել, երբ իրավապահ մարմինները կաշկանդված չլինեն ու բացահայտեն «Կորեյկոյի գործը»։

Կորեյկոյական իր տեսակը վարչապետին թույլ է տալիս թաքնվել բարեպաշտության ու համեստ կենցաղի տեր մարդու դիմակի տակ, ինչն էլ հանրության քաղքենի զանգվածի մոտ տպավորություն կարող է ստեղծել, թե Տիգրան Սարգսյանը մաքուր չինովնիկներից է, այնինչ ...

Եվ ո՞վ է խոսում մոնոպոլիայից՝ մարդ, ով տասը տարի շարունակ ունեցել է դրամի փոխարժեքի հետ խաղեր տալու մոնոպոլ իրավունք, ինչի հետևանքով տուժել են մեր քաղաքացիները, մեր տնտեսությունը և հետևաբար՝ ողջ երկիրը, բայց փոխարենը շահել է մարդկանց շատ նեղ շրջանակ։

Եվ ո՞վ է խոսում ստվերից ու մենաշնորհից, մարդ՝ ում վարչապետության օրոք միլիարդավոր դոլարների պետական պարտք է վերցվել, ու մոնոպոլ ձևով որոշվել դրանց բաշխման ուղղությունները։ Արդյունքներ չկան, բայց ՀՀ–ն մտել է ահավոր պարտքերի տակ, ու սրա համար պատասխան տալու փոխարեն՝ ցինիկաբար հայտարարել, թե լրագրողներս ու հասարակությունը պետք է վարչապետին օգնենք, որպեսզի նա պայքարի օլիգարխների ու մոնոպոլիաների դեմ՝ նույնն է, թե 1915–ին երիտթուրքերը պահանջեին հայերիս աջակցությունը՝ ցեղասպանության կանխման հարցում։

Առնվազն պետք է «Բենթլիի» սիրահար ընկեր ունենալ ու տերտերական առոգանություն, որպեսզի առանց ամոթի հայտարարել, թե ինքը պայքարում է վատ երևույթների դեմ ու ակնկալում հանրության աջակցությունը։

Նկատենք, որ վարչապետի պահվածքը դասական փարիսեցիություն է։ Նա իր ձախողումները փորձում է արդարացնել ինչ–որ մութ ուժերի առկայությամբ, այնինչ պետք է հստակ պատասխան տա, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ սկզբում կանխատեսում էր, թե, օրինակ,  միջազգային ճգնաժամը մեզ կշրջանցի, իսկ հետո, երբ երկրում տնտեսական կոլապս արձանագրվեց, գրեթե ամեն ինչ սկսեց վերագրվել միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը։ Ելնելով այս ամենից՝ կարող ենք ասել, որ վարչապետը կա՛մ ստախոս է, կա՛մ դիլետանտ։ Երրորդ տարբերակ, ինչպես հասկանում եք, տվյալ դեպքում չկա։

Վարչապետի իրական դեմքն ու ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ իր նեղ շրջապատի շահերն առաջ տանելը երևաց մասնավորապես 2009թ. մարտի  3–ին, երբ  դոլարի փոխարժեքը մեկ օրվա մեջ փոխվեց ավելի քան 25%–ով, իսկ դրանից առաջ պարբերաբար մեր քաղաքացիներին ասվում էր, թե ՀՀ դրամը կայուն է, և խնայողությունները պետք է պահել դրամով։ Այսինքն՝ մարտիերեքյան հայտնի քայլով վարչապետն ու իր «միջազգայնագետ» թիմակիցները «քցեցին» հանրության լայն շերտերին։ Բնականաբար՝ այդ ամենն արվեց Սերժ Սարգսյանի «բարձր» հովանու ներքո, բայց եթե ենթադրենք, որ Տ. Սարգսյանը չի կարողացել դիմադրել նախագահականից եկած ցուցումին և ստիպված մի գիշերվա մեջ, փաստացի, թալանել է ժողովրդին, ապա կա՛մ պետք է հրաժարական տար դրանից հետո, կա՛մ դեմագոգիայով  չզբաղվեր։ Զարգացումները ցույց տվեցին, որ վարչապետն ընտրեց դեմագոգիայով զբաղվելու տարբերակը։

Այն, որ մեր երկրում կան մոնոպոլիստներ ու օլիգարխներ, և դրանց դեմ պետք է պայքարել, աներկբա է։ Բայց մինչև այդ պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտի խոշոր մոնոպոլիստներն ու օլիգարխները նստած են Բաղրամյան 26–ում և Հանրապետության հրապարակում, ու պետք չէ «սրտաճմլիկ» հարցազրույցներ կազմակերպել, «բլա–բլա» անել ու ժողովրդի ականջներից «լապշա» կախել։

Ամեն դեպքում, լավ է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաանարդյունավետ ու «փուչիկ» վարչապետին շուտով հրաժեշտ կտանք։ Անշու՛շտ, տնտեսության վիճակը դրանով չի լավանա, քանի որ Սերժ Սարգսյանի պատկերացումների հետևանք  է այս ամենը։ Բայց երբ սերժսարգսյանական այդ պատկերացումներին ավելանում է նաև Տիգրան Սարգսյանի «բարեշրջումը», ստանում ենք այն, ինչ այժմ կա։

Վստահ եմ, որ այս վարչապետի փոխարեն եթե նույնիսկ կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողուհի էլ բերեն, ով ոչինչ չհասկանա ու ոչինչ չանի, ապա տնտեսության վիճակն ավելի վատ չի լինի։ Տնտեսությունն, իհարկե, չի կարգավորվի, բայց գոնե չի էլ վատանա, իսկ դա, Սերժ Սարգսյանի պես նախագահ ունենալու պարագայում, արդեն լավ է։

Մեզ մնում է միայն հուսալ, որ շատ արագ Hasta la vista կասենք Տիգրան Սարգսյանին՝ տարոսը փոխանցելով Բաղրամյան 26–ի գրասենյակի տիրոջը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը