Քաղաքական

26.08.2020 09:38


Իշխանությունն իր համար վստահելի և ենթարկվող դատական համակարգ է ստեղծում. Ավետիք Իշխանյան

Իշխանությունն իր համար վստահելի և ենթարկվող դատական համակարգ է ստեղծում. Ավետիք Իշխանյան

Իմ համոզմամբ՝ այն, ինչ կատարվեց մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի հետ, այդ անօրինականությունները և ոչ հավատարիմ ՍԴ անդամներից ազատվելու համար կատարված գործողությունները, բերեց ՍԴ-ի ճգնաժամի և շատ մեծ հավանականություն կա, որ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի, պետության դեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներով նախատեսվող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հայեցակարգին:

«Եթե ՄԻԵԴ-ը ՍԴ անդամների բողոքը բավարարի, այդ ժամանակ հարց է առաջանալու, որ ճգնաժամը արհեստականորեն ստեղծված էր: Եվ ես կարծում եմ, որ եթե անգամ ՄԻԵԴ-ի որոշումը լինի, թերևս փոխհատուցում կտան, բայց այդ ժամանակ այլևս Սահմանադական դատարանը գոյություն չի ունենա և այս սահմանադրական բարեփոխումների ծրագրով ցանկանում են իրենց ձևով ստեղծած ճգնաժամի հարցը լուծել»,-ասաց Իշխանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ հիմա հրատապ կարգով կազմվում է նոր կազմով Սահմանադրական դատարան, որտեղ իշխանությունը կունենա մեծամասնություն և հավանություն կտան նոր սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՍԴ այն անդամները, որոնք կողմ կլինեն փոփոխություններին, կլինեն Գերագույն դատարանի անդամներ:

«ՍԴ-ի օրենսդրական անկախությունը մի կարևոր հարց էր լուծում, որ ՍԴ-ի ցանկացած որոշում վերջնական էր, իսկ հիմա, իհարկե, նույն ֆունկցիաները կարող են տալ Գերագույն դատարանին, բայց արդեն ենթադրում եմ, թե ինչ կազմ կարող է ունենալ Գերագույն դատարանը: Այն մարդիկ, որոնք կողմ կլինեն ՍԴ-ի փոփոխություններին, նրանց խոստացած կլինի Գերագույն դատարանի անդամ լինել: Ի վերջո, հարցի լուծումը մի տրամաբանություն ունի, իրենց համար վստահելի և իրենց ենթարկվող դատական համակարգ ստեղծել»,- ասաց նա Ավետիք Իշխանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը