18-ի ապրիլյան դեպքերից հետո քաղաքական դաշտում հիմնական քննարկվող թեմաներից մեկը, ինչն այսօր էլ շարունակում է մնալ քաղաքագետական օրակարգում, հարցադրումն է՝ տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե հեղաշրջում։ Ամերիկացի պատմաբան, քաղաքագետ և սոցիոլոգ Չարլզ Թիլլին, ով հայտնի է ժամանակակից սոցիալական շարժումների, հեղաշրջումների և, մասնավորապես, տարաբնույթ և բազմաշերտ հեղափոխությունների ուսումնասիրություններով, խորքային վերլուծություններով փորձել է սահմանել, սահմանազատել ժամանակի շնչով միմյանց բավականին սերտաճած հեղափոխություն և հեղաշրջում երևույթները։ Բուն ապրիլյան իրադարձությունները և մինչ այս պահը օրգանապես շարունակվող գործընթացները համադրելով կարելի է եզրակացնել, որ 18-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը քաղաքական ժամանակակից տեխնոլոգիանների կիրառմամբ իրականացված թավշյա հեղաշրջման դասական օրինակ է։
Ի՞նչ ասել է հեղափոխություն... Եթն կարճ՝ հեղափոխությունը հասարակական-քաղաքական հարաբերություներում արմատական փոփոխություններն են, ինչը հստակ ծրագրով և ճանապարհային քարտեզով լուծում է հասարակության ներսում կուտակված հակասությունները։ Հեղափոխության ուղորդողը, շարժիչ ուժը ԳԱՂԱՓԱՐԽՈՍՈւԹՅՈւՆՆ է, ինչը հունավորում և բովանդակություն է տալիս կատարվածին և առանց որի սոցիալական՝ նույնիսկ համաժողովրդական որևէ շարժում չի կարող կոչվել հեղափոխություն։
Եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ 18-ի ապրիլին։ Այն, որ հասարակության ներսում օբեկտիվորեն բավականին լուրջ դժգոհություն կար իշխանությունների նկատմամբ, դա ակնհայտ էր։ ԱԺ-ում այդ շրջանի իմ ելույթներում բազմիցս եմ ամդրադարձել ստեղծված իրավիճակին և դրանից բխող հնարավոր վտանգավոր զարգացումներին։ Բայց ասել, որ 18-ի ապրիլին հեղափոխական իրավիճակ էր Հայաստանում, ինչին պետք էր հաջորդեր հեղափոխությունը, նշանակում է մերժել իրականությունը և համարժեք չգնահատել տվյալ պահին մեզանում ստեղծված իրավիճակը։ Հիշեք՝ այդ օրերին փաշինյանական միակ կարգախոսը, որն, ըստ էության, նպաստեց հասարակության դժգոհող հատվածի էմոցիան հավաքագրելուն, «մերժիր Սերժին»՝ հանպատրաստից փողոցում ծնված շուտասելուկն էր, որն ուներ հստակ նպատակ՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Համոզված եմ, եթե Ս. Սարգսյանը երրորդ անգամ չառաջադրվեր երկրի ղեկավարի պաշտոնում, որն ինքնին բավականին խոցելի էր, հեղաշրջում տեղի չէր ունենա։ Առավել ևս Կարեն Կարապետյանի կառավարությունը հիմնականում ոչ պոպուլյար, բայց բավականին համարձակ քայլեր էր իրականացնում տնտեսության առողջացման և զարգացման ուղղությամբ, ինչը տնտեսական ոլորտում արդեն իսկ արձանագրել էր որոշակի հաջողություններ։
Իսկ եթե ինքդ չունես գաղափարախոսություն և գործողությունների հստակ ծրագիր, բայց ամեն գնով պայքարում ես հասնել իշխանության, ապա կգտնվեն և՛ուժեր և՛ ֆինանսներ՝ հատկապես երկրից դուրս, որոնք ունեն և՛ ծրագիր և՛ հնարավորություններ։ Եվ, ինչը ոչ պակաս կարևոր է՝ քո պետության ներսում ունեն դրսի գրանտներով սնվող տեղական հասարակական կառույցներ, ովքեր հիմնականում կոչված են նման ծրագրեր իրականացնելու համար։ Պատմությունը բազմաթիվ անգամներ ապացուցել է ժողովրդական իմաստության ճշմարտացիությունը՝ սուրբ տեղը դատարկ չի մնում...
Բայց այդ ընթացքում Հայաստանում պարարտ հող էր ձևավորվել հեղաշրջում իրականացնելու համար։ Գերհագեցված պոպուլիզմով արմատական ընդդիմադրի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի կերպարը, որպես ազդեցության գործակալի, ամբողջությամբ համապատասխանում էր այդ ուժերի ծրագրերին։ Հաշվարկը ճշգրիտ էր արված՝ Փաշինյանը անմնացորդ և որևէ սրբության առջև կանգ չառնող իշխանատենչ էր և նպատակին հասնելու համար բարոյական որևէ կաշկանդում չուներ։ Նա դավաճանել էր նույնիսկ նրանց, ում շնորհիվ երկու անգամ դարձել էր ԱԺ պատգամավոր (հիշու՞մ եք «Վարդանանք»-ի Կոդակի կարգախոսը՝ կչոքեմ ոտքերը լիզեմ, կբարձրանամ գլուխը կկտրեմ)։ Ոչ պակաս կարևոր էր ապագա վարչապետի՝ քծնանքի ու ամեն գնով փող աշխատելու նկատմամբ իմունիտետի բացակայությունը, ինչի մասին բազմիցս ակնարկել են նրա գործընկեր լրագրողները։ Կարևորագույն դերակատարում էր վերապահված նաև նախկին համակարգի օրոք բավականին ամնապնդված և դրսից ֆինանսավորվող ՀԿ-ներին, ինչպես նաև՝ նույնպես դրսից ֆինանսավորվող «Ազատություն» ռ/կ-ին, որոնք ակնհայտ թելադրում էին հեղաշրջման քաղաքական օրակարգը։
Բայց հեղաշրջման սկիզբը ազդրարվեց այն պահից, երբ ընդամենը մի քանի տասնյակի հասնող ամբոխը Ն.Փաշինյանի գլխավորությամբ և պետական պահպանության զինված ներկայացուցչի ներկայությամբ կամ, ավելի ճիշտ՝ թույլտվությամբ գրավեց Ռադիտունը։ Անհամոզիչ են բոլոր այն արդարացումները, թե՝ մարդասիրական մղումներից ելնելով բռնություն չեն իրականացրել Ռադիոտունը գրոհողների նկատմանբ։ Եվ դա այն դեպքում, երբ Ազատության հրապարակում ընդամենը Ամանորյա տոնածառ տեղադրելու համար Գ. Սաֆարյանը ձեռբակալեց և դատապարտեց ազատազրկման։ Տեղին է նաև արձանգրել, որ միջազգային համապատասխան բոլոր կոնվեցիաններով թույլատրվում է բռնության գործադրում, ընդհուպ՝ նույնիսկ զենքի կիրառում, եթե հարձակում է կատարվում ռազմավարական նշանակության և պետական պահպանության տակ գտնվող օբեկտի նկատմամբ։ Իսկ Ռադիոտունը այդպիսի կարգավիճակ ունի։ Եվ հենց օրվա իշխանությունների կողմից անպատիժ մնացած այս հանցագործությունից հետո էր, որ ժողովրդի մոտ, նաև պետական կառույցներում առաջացավ այն համոզմունքը, որ Ն.Փաշինյանը ամենակարող է, իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և երկրաչափական պրոգրեսիայով սկսեց աճել մարդկանց թիվը փողոցներում։ Սկսեցին նաև բանակային զորամիավորներ դուրս գալ փողոց ու այդ պահից սկսվեց հեղաշրջման բուն գործընթացը։ Ժամանակի հարց է, թե պետական ինչ կառույցներ և ինչ կարգավիճակ ունեցող ղեկավարների գաղտնի առջնորդությմբ մասնակցեցին հեղաշրջմանը, բայց որ պետական որոշ կառույցներ ունեցել են իրենց մասնակցությունը՝ հեղաշրջման բուն ընթացքն ինքնին խոսում է այդ մասին։
Եվ այսօր հասարակությունը քաղում է առանց գաղափարախոսության և հստակ ծրագրի հեղափոխություն անվան տակ իրականացված հեղշրջման պտուղները։
Ապրիլյան հեղափոխություն, թե ապրիլյան հեղաշրջում