Ինչպես գիտեք, «թավշյա քերթողահայրերը» հպարտ քաղաքացու կաշին մինչև վերջ քերթելու շրջանակներում բարձրացրել են նաև դատարան դիմելու պետական տուրքի չափը։
Արդարադատության երիտնախարարն այդ «իմաստուն» որոշումը բացատրում է հետևյալ կերպ. «Առաջինը` 1999թ.-ից դատարան դիմելու պետական տուրքի չափերը չեն վերանայվել, մինչդեռ դատարանը, եթե նայենք, ծառայությունների մատուցում է ֆիզիկական, իրավաբանական անձանց, և այդ ծառայությունների դիմաց գոնե ինչ-որ ողջամիտ փոխհատուցում պետք է տրվի։ Մինչդեռ դատարանի ծախսերը, եթե համեմատենք պետական տուրքի մասով հավաքագրումները, 4 անգամ գերազանցում են հավաքագրումներին։
Երկրորդ` սա նաև պայքար է ակնհայտ իրավունքի չարաշահման դեպքերի դեմ, որովհետև շատ հաճախ չկա իրավական վեճ, արհեստական վեճ է ստեղծվում դատարանում, և մենք առաջարկում ենք էդ արհեստական վեճերով դատարանները չծանրաբեռնել»։
Ասեք, որ «արդար» է` հպարտ քաղաքացուն հասնում է։
Բա գիտեք` իզո՞ւր է «գըմփ-գըմփ-հու հեղափոխություն» արել։ Արե՛լ է, որ իր նախարարը, պատգամավորը, մարզպետը, քաղաքապետը լավ ապրեն, դատական դեպարտամենտը «վնասով չաշխատի»` «ողջամիտ փոխհատուցում» ստանան իրենց մատուցած «անգնահատելի» ծառայությունների համար, և օրը մի քանի անգամ պետք է Աստծուն փառք տա, որ Փաշինյանն ու իր կառավարությունը ջանք ու եռանդ չեն խնայում դրա համար։
«Հեղափոխություն» է արել որ անհարկի չչարաշահի իր սահմանադրական իրավունքները, ամեն փուչ բանի համար դատարան չդիմի, չծանրաբեռնի դատական համակարգը «արհեստական» իրավական վեճերով։
Դատարան դիմելը թթու թան չի, ամեն մարդու բան չի։ Փող ունես` ձեռքդ քարի տակ չի, խնդրեմ` ազատորեն օգտվի՛ դատարանի «թանկարժեք ծառայություններից», չունես` հանգի՛ստ նստի տեղդ, զուր տեղը մի «ցցվի»։ Բավարարվի նրանով, որ քո ընտրյալներն ու ընտրյալների ընտրյալները լիուլի չարաշահում են անհաճո լրատվամիջոցներին, ընդդիմախոսներին դատի տալու և իրենց «թանկագին արժանապատվությունը» վիրավորելու համար դրամական փոխհատուցում պահանջելու հնարավորությունը...
Դատարան դիմելը թթու թան չի, ամեն մարդու բան չի