Քաղաքական

26.08.2020 18:03


Լավրովը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան միջադեպն այլևս չի կրկնվի

Լավրովը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան միջադեպն այլևս չի կրկնվի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների նման միջադեպեր ապագայում չեն կրկնվի:

«Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է ղեկավարվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից: ԵԱՀԿ շրջանակում լուրջ բանակցային բազա է մշակվել: Իհարկե, առավել ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի, սակայն առաջին հերթին այդ ծրագրերն իրագործելու համար պետք է ընդհանուր առմամբ կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ ցանկացած միջադեպերի բացառումը: Մեծ հույսեր ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի»,-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին:

Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, ինչպես նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը