Քաղաքական

26.08.2020 20:52


Տարրական դպրոցի աշակերտը դպրոցում կլինի 3 ժամ, միջին դպրոցինը՝ 3-4, ավագը՝ մինչև 5 ժամ. Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով է հրավիրել (տեսանյութ)

Տարրական դպրոցի աշակերտը դպրոցում կլինի 3 ժամ, միջին դպրոցինը՝ 3-4, ավագը՝ մինչև 5 ժամ. Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով է հրավիրել (տեսանյութ)

Մոտ 3-4 շաբաթ առաջ իրականացրած ոչ պաշտոնական հարցման համաձայն՝ ծնողների շուրջ 80 տոկոսը բացման դեպքում պատրաստ է երեխաներին ուղարկել դպրոց: Այս մասին ֆեյսուքյան իր էջի ուղիղ եթերում՝ համապետական ծնողական ժողովի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հեռավար կերպով հաջողվել է ապահովել կրթության շարունակականությունը:

Նրա խոսքով՝ թեև կորոնավիրուսի թվերի նվազում է նկատվում, բայց դպրոցների ու բուհերի բացումը չպետք է նպաստի վարակվածների թվի ավելացմանը: «Կարող է կարճ ժամանակ հետո թվերն այնպիսի վերելք ապրեն, որ մենք ստիպված լինենք նորից դպրոցները փակել, ինչը մեծ խնդիր է կրթական համակարգի համար, մենք ամեն ինչ անում և անելու ենք, որ դա թույլ չտանք, և թույլ չենք տալու»,-ասաց նախարարը:

Դպրոցներում աշակերտները պետք է պահեն երեք կանոն՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում. «Դիմակների կրման հետ կապված կան որոշակի անհանգստություններ, ծայրահեղից մինչև քաղաքական շահարկումներ: Մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ շպրտեք ձեր դիմակները, կարծես ինքն է պատասխան տալու հետագայում վիրուսի տարածման և մահերի համար»,-ասաց նախարարը, ապա շարունակեց.

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների մեծ մասը հիվանդությունն ասիմպտոմ է տանում, և կանոնները պահելու դեպքում մենք 95 տոկոսով ապահովագրում ենք մեզ բոլոր տեսակի տարածումներից: Մեզ սա է պետք, որ վիրուսը չտարածվի»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե երեխաները երկար ժամանակով դիմակ կրել չեն կարող, Հարությունյանն ասաց, թե դա հաշվի են առել և դասացուցակներն այնպես են կազմել, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ՝ աշակերտները կարճ ժամանակով են մնալու դպրոցում. տարրական դպրոցում՝ մինչև 3 ժամ, միջին դպրոցում՝ 3-4 ժամ, ավագ դպրոցում՝ մինչև 5 ժամ:

«Համաձայն ԱՀԿ ցուցումների՝ 0-6 տարեկան երեխաների դիմակ կրելը չի խրախուսվում, 6 տարեկանից բարձր երեխաների դիմակի կրումը խնդիր չի առաջացնում, իսկ որոշ դեպքերում, երբ կա համաճարակային լարված վիճակ, դիմակը պետք է կրել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հետևում են իրավիճակին, և լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ թուլացվելու են նաև կանոնները, և հնարավոր է՝ ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի:

Նա ընդգծեց՝ կորոնավիրուսը պատերազմ է, որ ամբողջ աշխարհում է, և իրենց համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում՝ ծնողների քամահրական վերաբերմունքը կանոններին. «Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ զենքերի ընտրության, մարտավարությունների քննարկում լինի պատերազմի թեժ պահին, ինչը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել մարտի դաշտում: Այս քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում: Դուք ձեր վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, որ թվերը նորից սկսեն աճել, իսկ պետության պարտավորությունն է դա թույլ չտալ»:

Ըստ Հարությունյանի՝ եթե պատերազմի ժամանակ մի գունդ կամ մի վաշտ թողնի և մարտադաշտից գնա, դա մյուսների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: «Եթե քայլերը սխալ են լինում, պատերազմից հետո քննարկում են և պատասխանատուներին կանչում են հրապարակ, կամ պատասխանատուները պատիժ են կրում, բայց կարծում ենք, և թվերը վկայում են այն մասին, որ ընտրված մարտավարությունը ճիշտ է, արդեն մի քանի շաբաթ անընդմեջ արձանագրում ենք անկում»,-նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը