Հարցազրույց

28.08.2020 10:04


«Որտեղի՞ց է ծնվել գիրկապով տեքստ կարդացող այս նոր լուսավորիչը. նա չունի ասելիք և պետք է հեռանա». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին (տեսանյութ)

«Որտեղի՞ց է ծնվել գիրկապով տեքստ կարդացող այս նոր լուսավորիչը. նա չունի ասելիք և պետք է հեռանա». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին (տեսանյութ)

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ կրթական չափորոշիչների ընդդիմախոսները ոչ միայն պահանջում են չափորոշիչները նորից կազմել, այլև պահանջում են չափորոշիչները կազմող խմբերից հրաժարվել, կազմել պրոֆեսիոնալների խումբ, որոնց անունները նախապես պետք է հայտարարվեն:

«Այդ մասնագետներն այնքան պետք է ճանաչված լինեն մտավորականության, ուսուցիչների, հասարակ մարդկանց շրջանակներում, որ նրանք իրավունք ունենան առնչվելու դպրոցական կրթության չափորոշիչների հետ»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ չափորոշիչներին կողմ ուսուցիչները նշում են, որ գրականության դեպքում շեշտը դրվում է երեխաների ինքնուրույն աշխատանքի վրա, և եթե մինչև այս գրականությունը ուսուցվում էր՝ որպես գրականության պատմություն, ապա հիմա շեշտվում են որոշակի հետաքրքրություններ, և, օրինակ՝ 6-7-8-րդ դասարաններում ծրագրերը մշակվել են՝ ըստ ժանրերի և աշակերտների հետաքրքրության, նա այսպես արձագանքեց.

«Այն ուսուցիչները, որոնք այդ տիպի անընդունելի միտք են արտահայտում, համոզված եմ, որ չափորոշիչներին ծանոթ չեն կամ շարունակում են նվագել տվյալ գերատեսչության թավջութակի լարի վրա: 6-7-րդ դասարանցի աշակերտները, որոնք դեռ ձևավորման փուլում են, ի՞նչ է նշանակում ինքնուրույնություն տալ՝ ընտրելու այնպիսի բարդ խնդիրների մեջ, ինչպիսին պատմության խնդիրներն են, որոնք դեռ ակադեմիական շրջանակներում բավականին վիճելի հարցեր ունեն, գրականության խնդիրների մեջ, արժեքայնությունն անարժեքությունից տարբերելու մեջ. այդ ո՞ր մանկավարժական գիտության կամ մանկավարժական մտածողության ճյուղի հիման վրա են այդպես դատում այդ ուսուցիչները: Այդ դեպքում նրանք չեն էլ հասկանում, որ կտրում են այն ճյուղը, որի վրա նստել են, որովհետև ուսուցչի դերակատարումը դրանով հավասարեցվում է զրոյի: Աշակերտը պետք է ուղղորդվի ուսուցչից: Սա երբեք չի նշանակում, որ աշակերտի ինքնուրույն մտածողության դեմ դավադրություն կա»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ ԿԳՄՍՆ-ն անում է առավելագույնը՝ ապահովելու երեխաների լուսավոր ապագան.

«Սա ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում է, որովհետև տասնամյակներ շարունակ այս փոփոխությունների դեմ պայքարողները մեզ տարել են դեպի խավար, հիմա խավարից ինչ-որ ձայներ են փորձում հանել, մենք խավարամիտներին կթողնենք խավարի մեջ»:

Սերժ Սրապիոնյանը նախարարի այս հայտարարության վերաբերյալ հետևյալն ասաց.

«Որտեղի՞ց է ծնվել գիրկապով տեքստ կարդացող այս նոր լուսավորիչը, որը 21-րդ դարում հանկարծ հայտարարում է, թե խավարամիտների բանակը դուրս է եկել լուսավորչական գործունեության դեմ, երբ ինքը գործունեություն ծավալում է միայն Ֆեյսբուքում: Ես դժվարանում եմ նախարար հասկացությունը Հարությունյան ազգանվան կողքին դնել, դրա համար երբեմն խուսափում եմ այդ բառակապակցությունից, բայց այդպիսի համառությամբ, այդպիսի անպատկառությամբ առաջ մղել մի գիծ, որին դեմ է ամբողջ մտածող հանրությունը, ես առաջին անգամ եմ հանդիպում իմ երկարատև կյանքի ընթացքում: Չի կարելի արհամարհել այն մտավորականության կարծիքը, որոնց ճնշող մեծամասնությունը, եթե հարմարվող չէ, ապա դեմ է այս քաղաքականությանը»:

Նա նկատեց՝ Արայիկ Հարությունյանը թող մեկ անգամ մտածի՝ ինչո՞ւ են մարդիկ համառորեն կառչած նրա հրաժարականի գաղափարից.

«Նրանք չե՞ն գիտակցում, որ կարող է Արայիկը գնա՝ ավելի վատը գա. նրանք դա շատ լավ գիտակցում են, բայց Արայիկն ինքն էլ չի հասկանում, որ կրթական համակարգը, սպորտի, մշակույթի, գիտության համակարգը քայքայողի խորհրդանիշի է վերածել: Այս խորհրդանիշը որ հեռանա՝ հաջորդ ամենավատը որ գա՝ կմտածի Արայիկի սխալների մասին, և որոշ իմաստով ավելի չափավոր սխալներ թույլ կտա: 2 տարվա մեջ գիտության մեջ ի՞նչ է արել, արե՞լ է մի բան, որն իր պաշտոնի թելադրանքն է, թող թվարկի: Ի՞նչը թվարկի, եթե ոչինչ չի արել, բացի իր ֆեյսբուքյան էջում ժպիտով հայտարարություններ անելուց և համառորեն այս ռեֆորմները, որոնց մասին, հուսամ՝ ինքը շատ էլ պատկերացում չունի, պետք է կիրառվեն դպրոցում համառ պնդումից: Չունի ասելիք և պետք է հեռանա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը