Քաղաքական

28.08.2020 12:56


Ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում, խորքային փոփոխությունների միտում կա. Կարինե Նալչաջյան

Ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում, խորքային փոփոխությունների միտում կա. Կարինե Նալչաջյան

Այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում: Այս մասին այսօր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, ազգի գոյության խնդիր է առաջանում»,-ասաց նա և հավելեց, որ առաջին հայացքից դա նկատելի չէ, սակայն այստեղ, ըստ նրա, սպառնալիք կա, ինչի դեմ ակնկալվում է պայքար և դիմադրություն:

Ըստ նրա՝ այս ամենը տանում է նրան, որ երեխան զրկվում է հայ ազգի ներկայացուցիչ լինելու իրավունքից: Նրա խոսքով՝ առաջ բերված օրենքի նախագիծը կօգնի բազմաթիվ այլ տարաձայնություններ հաղթահարել և ազգային համախմբումն իրականություն դարձնել:

«Կրթական համակարգը թիրախավորվում է նույնիսկ դեռ մանկապարտեզներից, և եթե աղավաղում ենք այն նմանատիպ դաստիարակություններով, ապա մենք խաթարում ենք նրանց անձնական, հոգեբանական առողջությունը»,-ասաց նա և հավելեց, որ սա ընդամենը մեկ օրինակ է, սակայն դրանք շատ են, ինչպես օրինակ եկեղեցու պատմության արժեքները, որը հաջորդ սերունդներին արդեն չի հասնելու:

«Ամեն ինչ արհեստականորեն խեղվում է, և մենք ապրելու ենք բոլոր իմաստներով խեղված հասարակության, խեղված մարդկանց միջավայրում»,-շեշտեց հոգեբանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը