Քաղաքական

01.09.2020 10:10


Հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա մի՛ սևեռվեք․ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա մի՛ սևեռվեք․ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

«Փաստինֆո» լրատվական գործակալությունը Պետական վերահսկողական ծառայություն ուղարկած իր հարցումներից ստացած պատասխանների հիման վրա նյութ էր հրապարակել, որը վերաբերում է կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված չարաշահումներին։

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող կառավարական առանձնատների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը համարվող առանձնատան վերանորոգման մասին դեռ ամիսներ առաջ գրել էր «Հրապարակը», որ պետբյուջեից մոտ 1 մլրդ դրամ կամ 2 մլն դոլարի չափ գումար է դուրս գրվել, որպեսզի համապատասխան վերանորոգում իրականացվի վարչապետի ընտանիքին տրամադրված առանձնատանը, որտեղ ժամանակին Սերժ Սարգսյանն էր բնակվել։ Ի դեպ, առանձնատունը կառուցված է եղել Սերժ Սարգսյանի տարիներին, գումարը տրամադրել է «Տաշիր» ընկերությունը, եւ առանձնատունը շատ թարմ ու նորոգ վիճակում էր, սակայն Փաշինյանների ընտանիքը չի ցանկացել Սերժ Սարգսյանի նորոգած տանը բնակվել, ու որոշել են նորից վերանորոգել, որ սարգսյանական ճաշակն ու շունչն առկա չլինեն այդ տանը։ Դրա վրա մոտ 1 մլրդ դրամ գումար է վատնվել բյուջեից։ Գումարը դուրս է գրվել երկու անգամ․ մեկ անգամ՝ մոտ 600 մլն դրամի, երկրորդ անգամ՝ մոտ 500 մլն դրամի չափով։ Այդ գումարի մի մասը, բացի վարչապետի տիկնոջ նշած՝ «տեղական», բայց նաեւ իտալական արտադրության թանկարժեք կահույքից, ինչը երեւում է Փաշինյանի «լայվերից» մեկում, ծախսվել է նաեւ առանձնատան անվտանգության կատարելագործման, անվտանգության նոր համակարգերի ձեռքբերման վրա։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՎԾ-ն հաստատել է չարաշահումների փաստը՝ նշելով, որ խախտումներն արձանագրվել են 2019 թվականի աշխատանքներում, սակայն չի նշել չարաշահման կոնկրետ ծավալը։ Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը մոտ 250 մլն դրամի չարաշահման մասին է։ Եվ չի բացառվում, որ չարաշահումը տեղի է ունեցել հենց մեր նշած 2 մլն դոլարի վերանորոգման շրջանակներում։ ՊՎԾ-ն հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքն ուղարկել է իրավապահ մարմիններին։ Այս պահին ՊՈԱԿ-ի տնօրենը Արուսյակ Մանավազյանն է, որը նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է եւ Փաշինյանի վստահելի մարդկանցից մեկը։

Թեմայի շուրջ զրուցել ենք Արուսյակ Մանավազյանի հետ։ Վերջինս ասաց՝ ինքը մեկնաբանություն չունի այս հարցով, ոչ էլ տեղեկություն՝ ենթադրյալ չարաշահումների մասին, որովհետեւ միայն 2020 թվականի հունվարի 13-ին է ստանձնել ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները, իսկ այստեղ խոսքը 2019-ին թույլ տրված չարաշահումների մասին է։ Իրենից մոտ մեկ տարի առաջ՝ հենց 2019-ին, Արեգ Սավգուլյանն է եղել տնօրենը, իսկ նրանից առաջ՝ իշխանության գալուց հետո մինչեւ 2018-ի դեկտեմբերը, Հակոբ Սիմիդյանը, որն այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։
Մանավազյանն ասաց նաեւ, որ իրեն հարցաքննության չեն էլ կանչել այս հարցով, քանի որ ինքը որեւէ մասնակցություն չունի այս ամենի հետ։

- Իսկ Ձեր օրոք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում նորոգման աշխատանքներ իրականացվե՞լ են։

- Ոչ, մինչեւ հիմա դեռ ոչ մի բան չի եղել։

- Դուք անցյալ տարի Փաշինյանի առանձնատանը կատարված վերանորոգման աշխատանքներից տեղյա՞կ եք։

- Չեմ նայել, չէ, եթե իրավապահ մարմինների ձեռքում է կամ ուշադրության կենտրոնում է, իմ նայելն արդեն էս պահին ոչ իրավաչափ է։

- Ձեզ՝ որպես տնօրենի, չի՞ հետաքրքրել, թե Ձեզնից առաջ 2 մլն դոլարի ինչ վերանորոգում է տեղի ունեցել։

- Ոչ, այդ թիվը նախ սխալ է նշվում, երկրորդ հերթին՝ եթե արդեն ստուգում է գնում, ես չեմ կարող ասել։

- Իսկ ո՞րն է ճիշտ թիվը, եթե դա սխալ է, որքա՞ն գումար է ծախսվել Փաշինյանի առանձնատան վրա, եթե միայն 500 հազարի յուրացում են արձանագրել։

- Ես չեմ կարող ասել՝ որքան գումար է ծախսվել։ Նախ հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա մի՛ սեւեռվեք, երկրորդ հերթին էլ՝ դա չեմ կարող ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը, ես չեմ նայել, չեմ ուսումնասիրել։ Եթե Դուք շեշտում եք կոնկրետ այդ առանձնատան վրա ծախսված գումարը, թե կոնկրետ ինչ գումար է ծախսվել, ես չեմ նայել, չեմ ուսումնասիրել, որովհետեւ ամբողջ փաստաթղթերը, եթե տեսնում եք, ՊՎԾ-ն ուսումնասիրություն է արել կամ մշտադիտարկում է անցկացրել՝ այդպես է կոչվում, ուրեմն իրենց տիրույթում է, կարող եք իրենց հարցնել։

- Փաշինյանի առանձնատունն ենք նշում, որովհետեւ չարաշահումը հենց այդ առանձնատան մասով է, եւ ուշագրավ է այն, որ մինչ այդ Սերժ Սրագսյանը՝ իր գնալուց առաջ, արդեն նորոգած է եղել, բայց Նիկոլ Փաշինյանը ցանկացել է կրկին նորոգել՝ ծախսելով խոշոր գումար։ Դրանով է պայմանավորված Ձեր ասած մեր այդ «սեւեռումը»։

- Հա, բան չունեմ ասելու, պարզապես ուզում եմ հարցումից դուրս ասել, որ այդ ՊՈԱԿ-ի տրամադրության տակ միայն պարոն Փաշինյանի շինությունը չէ, բազմաթիվ շենքեր կան, չի բացառվում, չէ՞, որ կարող է մեկ այլ շենքի վրա էլ ծախսված լինի այդ գումարը։

- Հենց դա եմ ուզում իմանալ, որ Դուք՝ որպես տնօրեն, ենթադրաբար պետք է տիրապետեիք այդ տեղեկատվությանը, թե բացի Փաշինյանին պատկանող առանձնատնից, մյուս առանձնատների վրա գումար ծախսվե՞լ է։

- Դա արդեն չեմ կարող ասել, որովհետեւ իմ օրոք չի ծախսվել ու ծախսվում այս պահին։ Թե նախկինում ինչ է եղել, դա արդեն իրավապահ համակարգին դիմեք։

Հ.Գ․ Հիշեցնենք, որ առանձնատան նորոգման մասին տեղեկատվության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը «լայվ» մտավ եւ պատմեց, որ դրա վրա 10 անգամ ավելի պակաս գումար, այսինքն՝ 200 հազար դոլար է ծախսվել։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս է կարողացել ենթադրյալ չարաշահումներ կատարած անձը ծախսված գումարի 200 տոկոսից ավելիի չափով գումար յուրացնել։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը