Քաղաքական

01.09.2020 16:14


Կոռուպցիոն կծիկի հետքերով. կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում յուրացումների գործը քննվում է ՀԿԳ-ում

Կոռուպցիոն կծիկի հետքերով. կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում յուրացումների գործը քննվում է ՀԿԳ-ում

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Քրեական գործով մեղադրյալներ դեռ չկան. «Կատարվում է նախաքննություն, ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի տեղեկատվություն»,-հայտնեցին ՔԿ-ից։

Ինչպես տեղեկացրել ենք՝ այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է «Հայկական ժամանակ»-ի հաշվապահը, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ նրանից առաջ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը։

Պաշտոնական մարմինները առայժմ ձեռնպահ են մնում պատճառված վնասի իրական ծավալների ու գործի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն տրամադրելուց։ Խնդիրը ոչ միայն այն է, որ կոռուպցիոն չարաշահումները վերաբերում են Փաշինյանի աշխատակազմի ղեկավարության ներքո գործող ՊՈԱԿ-ին, այլեւ, պարզվում է, կապալառու ընկերության ընտրության հարցում մեծ դերակատարում է ունեցել Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ օբյեկտիվ քննության արդյունքում շատ-շատերը կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, այդ թվում՝ Փաշինյանի մերձավոր շրջապատից՝ ինչպես խախտումներ թույլ տրված, այնպես էլ յուրացումներով կատարված աշխատանքը ընդունած անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը