Կարծիք

03.09.2020 14:29


Սա ի՞նչ խտրական մոտեցում է

Սա ի՞նչ խտրական մոտեցում է
Աննա Հակոբյանի արցախյան «մեծ զինավարժություններին» նվիրված «ֆոտոսեսիային» հանրությունը (նկատի ունեմ` հասարակության ադեկվատ հատվածը) համարժեք պատասխանեց. երեկվանից ֆեյսբուքում «մի քե՛ֆ է, մի՛ ուրախություն»` հումորի և երգիծանքի իսկական շքահանդես։
Աննա Հակոբյանը սրան հակադարձել է անանուն մի հրապարակմամբ, որտեղ բացահայտել է իր պես «սուպերխաղաղասեր» ևս 14 կանանց մասնակցությամբ անցկացրած յոթնօրյա «հավաքի» մանրամասները, որ, ասում են, «մեծ խուճապ և իրարանցում» է առաջացրել Ադրբեջանում։
Պարզվում է` Հայաստանի և Արցախի փափկասուն տիկնայք «քիթ սրբելու» ժամանակ չեն ունեցել. «Յոթ օրվա ընթացքում ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում»։ Անցել են «մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշտում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ»։
Ավելին` «ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից»։
Բայց սա էլ ամենը չէ։ Առաջին բուժօգնության դասընթաց էլ են անցել, ուսումնասիրել են «կենսական կարևոր օրգանների գործունեության խանգարումների դեպքերը, վիրակապական նյութերի, վիրակապերի նշանակությունը, ազդրին ոլորաքուղ դնելու տարբերակները»։ Մի խոսքով` լավ ժամանակ են անցկացրել։ Առանց դիմակների։
Մի բան է մտահոգում` ինչո՞ւ Նիկոլին մասնակից չեն դարձրել «ռազմահայրենասիրական դաստիարակության» այդ տոնին։
Սա ի՞նչ խտրական մոտեցում է։ Ինչի՞ նման է, որ ընտանիքի մայրը հինգ մատի պես տիրապետում է «ռազմական արվեստի» բոլոր նրբություններին, իսկ ընտանիքի հայրը, որը ի պաշտոնե` պատերազմական իրավիճակում, նաև Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, Ա-ն Բ-ից չի տարբերում։ Նույնիսկ ավտոմատ բռնելու ձևը չգիտի։
Միայն չասեք` «զինավարժությունները» կանանց համար էին։ Նիկոլն էնքան չկա` մի կնոջ չա՞փ էլ չկա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը