Տնտեսական

03.09.2020 16:40


«Լիդիան Արմենիան» ներգրավել է նոր պահնորդական ընկերություն՝ նախորդ ընկերության հետ պայմանագրի ավարտի կապակցությամբ. Խորեն Նասիբյան

«Լիդիան Արմենիան» ներգրավել է նոր պահնորդական ընկերություն՝ նախորդ ընկերության հետ պայմանագրի ավարտի կապակցությամբ. Խորեն Նասիբյան

Aysor.am-ի զրուցակիցն է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը:

-Հայկական բնապահպանական ճակատը հայտնել է, որ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ կասեցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը: Ի՞նչ վտանգներ և հետևանքներ այդ որոշումը կարող է ունենալ, ինչպե՞ս է իրականացվում և իրականացվելու հետագայում պահնորդական ծառայությունը:

-Նախ պետք է արձանագրենք, որ ինչպես միշտ Հայկական բնապահպանական ճակատի դեպքում, այս անգամ ևս գործ ունենք փաստերի աղավաղման հետ, որի նպատակն է մոլորության մեջ գցել հանրությանը: Նշեմ, որ «Հատուկ անվտանգության ծառայության» գործունեությունը Ամուլսարի տարածքում դադարեցվել է տվյալ ընկերության հետ «Լիդիան Արմենիայի» պայմանագրի ավարտի հետևանքով: Ավելին, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ պահնորդական ծառայության գործունեությունը մասնակի կասեցվել էր, այն հիմնավորմամբ, որ պահնորդական ծառայության որոշակի թվով աշխատակիցներ չէին ունեցել գործող անհատական վկայականներ: Ամուլսարում գործողությունների տեսանկյունից որևէ այլ իրավական խնդիր չի մատմանշվել։

Այնուամենայնիվ, կարծում եմ սա այլևս որևէ էական նշանակություն չունի, քանի որ, ինչպես և նախապես պլանավորված էր «Լիդիան Արմենայի» կողմից, ս.թ. սեպտեմբերի 1-ից արդեն իսկ ընկերությունը ներգրավել է նոր պահնորդական ընկերություն: Նոր պահնորդական ընկերությունը և ցանկացած հաջորդ պահնորդական ընկերություն, որը երբևէ կարող է ներգրավվել, օրենքով թույլատրված բոլոր միջոցներով ապահովելու է Ամուլսարի տարածքի և այս պահին Ամուլսարի տարածքում իրենց օրինական աշխատանքը իրականացնող համայնքների մի քանի տասնյակ աշխատակիցների անվտանգությունը և թույլ չի տալու խուլիգանախմբին անպատիժ ապօրինություն իրականացնել:

-Հայկական բնապահպանական ճակատի բնորոշմամբ, որոշումը առաջին հերթին կարևոր է օրինականությունը վերահաստատելու: Ինչպե՞ս էր պահնորդական ծառայությունը խախտում օրինականությունը:

-Եթե խոսում ենք օրինականության վերականգնման մասին, ապա առաջին հերթին պետք է վերջ տալ Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն ավելի քանի երկու տարի տիրող ապօրինություններին, որոնց անմիջական մասնակիցներն են հենց Հայկական բնապահպանական ճակատի անդամները: Այս տեսանկյունից հենց նրանց և Ամուլսարի ճանապարհները շրջափակող խմբավորման գործունեությանն է, որին իրավապահ համակարգը պետք է տա հստակ գնահատականներ և պատասխանատվության ենթարկի նրանց առաջին հերթին պետության դեմ ուղղված այս ապօրինությունների համար:

Ինչ վերաբերում է պահնորդական ընկերությանը, ապա այդ ընկերությունը բացի, ինչպես արդեն նշեցի, մի քանի աշխատակիցների անհատական վկայականների հետ կապված խնդիրներից, որևէ օրինախախտում չի իրականացրել և այլ բան լիցենզավորման հանձնաժողովի կողմից չի արձանագրվել՝ ի հեճուկս Հայկական բնապապանական ճակատի կողմից ներկայացվող ակնարկների:

Այս խորագրի վերջին նյութերը