Լրահոս

10.04.2009 15:10


Բողոքի ակցիա «Գլենդել Հիլզ»–ի դեմ՝ Գյումրիում

Բողոքի ակցիա «Գլենդել Հիլզ»–ի դեմ՝ Գյումրիում

Այսօր Գյումրիի Մուշ 2 թաղամասում, բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ։ Նրանք բողոքում են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, ով աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատնքների դիմաց:

Ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում, իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ, ինչն անընդունել է:

Շինարարներից մեկը նշեց, որ ի պատասխան իրենց բողոքի, կազմակերպությունից պատասխանել են, որ ճգնաժամ է, իրենք չեն կարող համապատասխան չափով վճարումներ կատարել. «Ուզում եք աշխատեք, ուզում եք մի աշխատեք, այլ ցանկացողներ շատ կլինեն»,- պատասխանել են բանվորներին:

Բանվորների խոսքերով՝ փորձ է արվում օգտվել Գյումրիում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակից. «Շատերը չեն մեկնել Ռուսաստան, մնացել են էստեղ, աշախատանքը՝ քիչ, աշխատել ցանկացողները՝ շատ։ Հիմա սրանք օգտվում են էդ հանգամանքից ու ինչ գին ցանկանում՝ դնում են։ Մարդ 50-60 հազար դրամով ո՞նց ընտանիք պահի»,- դժգոհեց շինարարներից մեկը:

«Գլենդել Հիլզ» շինկազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը, ընդհակառակը, մեզ հետ զրույցում պնդում էր, որ, իրենց հաշվարկներով, արհեստավոր շինարարն ամսեկան ստանալու է 150-170 հազ. դրամ աշխատավարձ: Նրա խոսքերով՝ իրենք կառուցապատման 1 քառակուսի մետրը գնահատել են 2000 դրամ. «Եթե ամսեկան 70-75 քառակուսի մետրի գործ անեն՝ դա կսատացվի իմ նշած թիվը»,- ասել է Միքայել Ներսիսյանը: Շինարարների հաշվարկներով բոլորովին այլ թվեր են ստացվում:

Վեճը չի հարթվել, շինարարները որոշել են երեքշաբթի օրը հավաքվել մարզպետարանի դիմաց՝ իրենց բողոքը ներկայացնելու մարզային իշխանություններին:

 «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունում ներկայումս գրանցված են մոտ 1500 շինարար:

Տեղեկացնենք, որ կառավարության երեկվա նիստում որոշվել է կառուցապատող կազմակերպություններին 20 մլրդ դրամ հատկացնել, ըստ նույն որոշման, կարիքի դեպքում, այդ գումարը կարող է կրկնապատկվել։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը